ԻՀՊԿ-ին վիրավորելը հավասարազոր է իրանական ազգին վիրավորելուն․ Ռուհանի
Իսլամական
հեղափոխության պահապանների կորպուսին վիրավորելը հավասարազոր է իրանական
ազգին եւ երկրի զինված ուժերին վիրավորելուն։ Այս մասին հայտարարել է Իրանի
նախագահ Հասան Ռուհանին՝ մեկնաբանելով ԻՀՊԿ-ն ահաբեկչական
կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու ԱՄՆ-ի որոշումը՝ հայտնում է
Mehr-ը։
«Մեր թշնամիները կարծում են, որ ԻՀՊԿ-ն ուղղակի մեր զինված ուժերի մի
մասն է, սակայն նրանք սխալվում են։ Նրանք պետք է իմանան, որ ԻՀՊԿ-ն ներկա է
ողջ Իրանում, եւ իրանական ազգը նրան համարում է իր մի մասը։ ԻՀՊԿ-ին
վիրավորելը հավասարազոր է իրանական ազգին եւ երկրի զինված ուժերին
վիրավորելուն»,- ասել է Ռուհանին։
Նա դատապարտել է ԱՄՆ-ի եւ «սիոնիստական ռեժիմի» միջամտությունը
տարածաշրջանային գործերում՝ հայտարարելով, որ «խոշոր տերությունները,
մասնավորապես՝ ԱՄՆ-ը եւ սիոնիստները, կայունություն, միասնականություն,
անվտանգություն եւ եղբայրություն չեն ուզում»։