Մասաչուսեթում հարգել են Հայոց ցեղասպանության հիշատակը
Անցյալ շաբաթ Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Մենք այստեղ ենք ցեղասպանությունը հիշելու համար», - ասել է սենատոր Ուիլյամ Բրաունսբերգերը:
Արդեն 34 տարի նահանգի պետական պաշտոնյաները խորհրդարան են հրավիրում
հայերին եւ իրավապաշտպաններին ամենամյա արարողությանը, որը կոչված է
ընդգծել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորությունը,
հաղորդում է Armenian Weekly-ը:
Իր ելույթում Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանը մասնավորապես
կիսվել է իր տատիկների եւ պապիկների պատմությամբ, որոնք կարողացել են
Ցեղասպանության ժամանակ Ամերիկայում ապաստան գտնել:
«Ցեղասպանության պատմությունը մարդկային ողբերգությունների, քաջության,
բարեգործության եւ հումանիտար օգնության պատմություն է», - նշել է
ձեռնարկատեր եւ հայտնի բարերար Նուբար Աֆեյանը:
Իր հերթին, Մասաչուսեթսի նահանգի օրենսդիր մարմնում միակ հայ պատգամավոր
Դավիթ Մուրադյանը նշեց, որ այդ օրը հիշեցում է 1915 թվականի ողբերգական
իրադարձությունների մասին: Շատ կարեւոր է, որ մենք շարունակենք հարգել մեր
նախնիների հիշատակը», - ասաց Մուրադյանը: