Հայաստանյան գրախանութներում ամենապահանջված գրքերի ցանկը
Հայաստանյան գրախանութներում ո՞ր գրքերն են առավել պահանջված, ո՞ր տարիքային խումբն ինչպիսի գրականություն է նախընտրում, մատչելի են արդյո՞ք գրքերը ու հասանելի բոլորին: Operativ.am-ի թղթակիցը զրուցեց «Գրքերի աշխարհ» գրախանութի աշխատակից Հասմիկ Բոյաջյանի հետ' պարզելու այս և այլ հարցերի պատասախաններ:
Պարզվեց, որ Հայաստանում առավել պահանջված են այն գրքերը, որոնց մասին շատ է խոսվում, որոնք հայտնի են, լավ PR է արված: Ամենաշատ ընթերցվող հեղինակն է Պաուլո Կոելիոն, ում հայերեն թարգմանված «Ալքիմիկը» ամենաշատ վաճառվող գրքերից է: Վերջին 6-7 ամսվա կտրվածքով շատ է վաճառվել նաև Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» գրքի վերահրատարակված տարբերակը: Հայ երիտասարդների շրջանում մեծ հետաքրքրություն է վայելում գիտաֆանտաստիկ գրականությունը: Այս ժանրի գրողների, մասնավորապես, Բերնար Վերբերի «Մրջյունները», Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» գրքերը մեծ պահանջարկ ունեն: Ժամանակ առ ժամանակ, կախված որոշակի իրադարձություններից, հետաքրքրության ալիք է բարձրանում այս կամ այն գրքի հանդեպ: Օրինակ «Մթնշաղ» (անգլ.՝ «Twilight») ֆիլմի էկրան բարձրանալուց հետո Ստեֆանի Մայերի համանուն վեպն ամենապահանջվածն է եղել, գրքերը սպառվել են մի քանի օր անց:
Նույն կերպ, «Օսկարին» նոմինացված "The Great Gatsby" (Մեծն Գեթսբին) ֆիլմի համանուն Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի վեպը մեծ պահանջարկ է ունեցել «Օսկարի» մրցանակաբաշխությունից հետո:
«Դասական գրականության հանդեպ հետաքրքրությունը ևս քիչ չէ, օրինակ Սելինջերի, Դրայզերի, Բալզակի գրքերը հաճախ են վերցնում,այս հեղինակներին միշտ էլ ընթերցում են,-ասում է Հասմիկը,- 80 տարեկան ընթերցողներ ունենք, ովքեր դասական գրականության սիրահար են: Երիտասարդները նույնպես կարդում են որակյալ գրականություն, վերջին շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացել Դովլաթովի հանդեպ, բայց հաճախ լինում է, որ դասական գրականություն վերցնում են համալսարաններում հանձնարարված լինելու, պարտադիր ընթերցանության համար»:
Գրախանութում մեծ մասը ռուսերեն գրքեր են, շատ գրքերի հայերեն թարգմանությունները չկան, կամ էլ թարգմանված են սեղմ տարբերակով, օրինակ Մաքիավելլիի «Իշխան» գրքի հայերեն և ռուսերեն տարբերակների մեջ ահռելի տարբերություն կա: Չնայած սրան, երիտասարդները նախընտում են հայերեն գրքեր, ռուսերեն վերցնում են միայն ծայրահեղ դեպքում, եթե շատ անհրաժեշտ է, բայց հայերեն տարբերակը չկա: Սա պայմանավորված է նաև ռուսերենի ոչ այդքան լավ իմացությամբ: Եթե ներկայացնենք հայերեն թարգմանությամբ ամենպահանջված գրքերի ցուցակը, ապա այն կլինի այսպիսին.
1.Պաուլո Կոելիո «Ալքիմիկ»
2.Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն»
3.Ալբեր Քամյու «Ժանտախտ»
4. Բերնհարդ Շլինկ «Ընթերցողը»
5.Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը»
Ռուսերեն գրքերից շատ են կարդում Բեռն Ռոնդայի «Секрет» և Դեյլ Քարնեգիի «Как завоевывать друзей и оказывать влияние на людей» գրքերը:
Խոսելով գրքերի արժեքի մասին' պետք է նշել, որ դրանք մատչելի չեն, հայոց լեզվով պահանջված գրքերի նոր հրատարակությունների արժեքը տատանվում է 5000-7000 դրամի միջև: Ուսանողի համար 2 գիրք գնելը կարժենա նվազագունը 10000դրամ, ինչը քիչ չէ: Գրախանութում վաճառվող գրքերից շատերը գրադարաններում չկա, այսինքն ուսանողները ստիպված են գնել դրանք: Չնայած սրան, գիրք գնողները բավականին շատ են, գրախանութները մշտապես լիքն են, գրախանութները եկամուտից չեն բողոքում:
Վաճառված գրքերի մեծ մասը գեղարվեստական գրքեր են, մոտ 20 տոկոսը' մասնագիտական, 30 տոկոսը մանկական գրականություն:
Զրուցեց Գայանե Շահինյանը