Իտալիայի Պատգամավորների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով
Իտալիայի Պատգամավորների պալատի «Սալվադորի» սրահում ապրիլի 16-ին տեղի է ունեցել «Մեծ Եղեռն. Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց» խորագրով համաժողովը՝ կազմակերպված Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների կողմից։
Համաժողովին ողջույնի խոսքով է հանդես եկել Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը՝ շնորհակալություն հայտնելով պատգամավորներին ապրիլի 10-ին Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման համար։ Դեսպանը նշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման ու ճանաչման գործընթացը շարունակական է, ինչը պետք է լուրջ ազդակ լինի առ այն, որ այդ հարցում ժխտողական կեցվածքը ոչ մի կերպ չի տեղավորվում 21-րդ դարի արժեհամակարգային իրողություններում:
Նա ավելացրել է, որ այս քայլով իտալական կողմը վերահաստատեց ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայով ստանձնած իր հանձնառությունները և պարտավորությունները ու հավատարմությունը համամարդկային արժեքներին։
Ելույթներով հանդես են եկել Իտալիայի քաղաքական, գիտական, մշակութային շրջանակների մի շարք ներկայացուցիչներ, ովքեր իրենց ելույթներում ընդգծել են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման կարևորությունը Իտալիայի հասարակական-քաղաքական շրջանակներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և ապագայում նմանատիպ հանցագործությունների կանխարգելման գործում։