Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 18-20-ը կգտնվի Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելու ԱՊՀ ՄԽՎ խորհրդի և ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նիստերին, քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության, պաշտպանության եւ անվտանգության, իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև միջազգային ահաբեկչության հակազդման խնդիրներին վերաբերող համաժողովին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում նախատեսվում են ԱԺ նախագահի ինչպես երկկողմ հանդիպումներ իր գործընկերների, այնպես էլ հանդիպում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ Գոռ Գեւորգյանը և Անուշ Բեղլոյանը: