ԱՄՆ-ն եւ Թուրքիան չեն կարողացել հարթել Ս-400-ի հետ կապված տարաձայնությունները
Վաշինգտոնն ու Անկարան այս շաբաթ տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ չեն կարողացել հարթել տարաձայնությունները, որոնք վերաբերում են Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերմանը, հայտնում է The Wall Street Journal-ը:
«Պաշտոնատար անձանց խոսքով՝ ԱՄՆ-ն եւ Թուրքիան չեն կարողացել դուրս գալ փակուղուց, որն առաջացել է այս ամռանը ռուսական ՀՕՊ համալիրներ տեղակայելու Անկարայի ծրագրերի հետեւանքով: Պենտագոնի հայտարարությամբ՝ դրանք կարող են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնել ամերիկյան կործանիչներին»,- արձանագրված է հոդվածում: Նշվում է, որ ԱՄՆ եւ Թուրքիայի ներկայացուցիչները Վաշինգտոնում այս թեման քննարկել են այս շաբաթ ավելի վաղ: Դրան, մասնավորապես, անդրադարձել են երկուշաբթի տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի հանդիպման ժամանակ:
Հոդվածում բերվում է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի խոսքը: Նա հույս էր հայտնել, որ ամերիկյան կողմը Անկարայի դեմ պատժամիջոցներ չի սահմանի Ս-400-ները գնելու պատճառով: «Պատժամիջոցները հակաարդյունավետ կլինեն եւ բացասական հետեւանքների կհանգեցնեն»,- ասել էր նա: «Բոլորը պետք է հասկանան, որ Թուրքիան անվտանգության հետ կապված հիմնավոր մտավախություններ ունի»,- հավելել էր Քալընը:
Քալընը նշել էր, որ Անկարան չի բացառում նաեւ ամերիկյան Patriot ԶՀՀ ձեռք բերելու հավանականությունը: «Հետաքրքիր կլիներ ստուգել, թե դրանցից որն է լավագույնը»,- հոդվածում մեջբերվել է նրա խոսքը: Քալընը վստահ է, որ «Ս-400-ները Թուրքիա կմատակարարվեն»:
2016 թվականի նոյեմբերին հայտնի էր դարձել Ս-400-ների գնման շուրջ Թուրքիայի եւ ՌԴ-ի բանակցությունների մասին: 2017-ի սեպտեմբերին Ռուսաստանում հաստատել էին պայմանագիր կնքելու փաստը, նույն ժամանակ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ կանխավճար է մուծվել: ԱՄՆ-ն ակտիվ փորձեր էր կատարում Թուրքիայի կողմից Ռուսաստանից Ս-400-ի գնումը թույլ չտալու համար: Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից Ս-400-ի գնումը սպառնում է Անկարայի հետագա մասնակցությանը ամերիկյան նորագույն F-35 կործանիչ-ռմբակոծիչների ստեղծման ծրագրին:
Պարբերականը նշում է, որ Թուրքիայում Ս-400-ի տեղակայումը, ամենայն հավանականությամբ, կսկսեն հաջորդ 2 կամ 3 ամիսներին: Հոդվածում արձանագրվում է, որ «սա քիչ ժամանակ է թողնում վիճելի հարցի լուծման համար»: