Եվրախորհրդարանում հանգանակություն են սկսել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար
Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին, սկսելով այսօրվա նիստը, հայտարարել է, որ Եվրոպական խորհրդարանում կկազմակերպեն դրամահավաք Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:
«Իմ սիրտը, ինչպես նաև բոլորի սրտերը ցավում են երեկ Փարիզում տեղի ունեցածի համար: Այս վերքը դեռ երկար ժամանակ բաց կմնա: Ինձ այսօր առաջարկել են դրամական միջոցներ հավաքել: Մենք դրա համար նախատեսված հանգանակությունների արկղ ենք դրել»,- ասել է ղեկավարը:
Հիշեցնենք, որ երեկ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել: Ժամեր տևած հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում հրդեհը հաջողվել է մարել։ Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհը լիովին ոչնչացրել է տաճարի տանիքը, սրածայր գագաթն ու ժամացույցը։
Նշենք նաև, որ տաճարից հաջողվել է դուրս բերել բազմաթիվ մասունքներ և գանձեր, դրանց թվում` Փշե պսակը, որը խաչելությունից կարճ ժամանակ առաջ եղել է Հիսուսի գլխին։