Ադրբեջանը դեմ չէ, որ իր քաղաքացիները այցելեն ՀՀ-ում և Արցախում ազատազրկված հարազատներին
Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարների ու Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՀ և Արցախի քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջանում դատապարտված հայերին, և հակառակը՝ ադրբեջանցիները կարող են այցելել Հայաստանում ու Արցախում ազատազրկված իրենց հարազատներին։
Պայմանավորվածություններից մեկն էլ վերաբերում էր նրան, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան այցելել միմյանց երկրներ։ Սրա վերաբերյալ ռուսական «Կոմերսանտի» հարցին պատասխանելիս Բաքվի ԱԳՆ խոսնակը դրական աստառով խուսափողական պատասխան է տվել․ ասել է՝ իրենք միշտ էլ պատրաստ են երկու հասարակությունների փոխըմբռնմանը նպաստող ձեռնարկներին, սակայն չի ասել՝ կընդունե՞ն հայաստանցի լրագրողներին, նրանց կտրամադրե՞ն անվտանգության երաշխիքներ։
Հուլիսին հայկական արմատներով բլոգեր Վլադ Մագան (Վլադիսլավ Մոսեսով) այցելել էր Ադրբեջան, որտեղ նրան թշնամական հետապնդումների էին ենթարկել, երբ իմացել էին, որ հայ է ու այցելել է Գանձակում (ներկայում՝ Գյանջա) ապրած հայ նախնիների տուն։ Ավելի ուշ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել Ադրբեջանը՝ որպես նացիստական պետություն։
Ինչ վերաբերում է ադրբեջանցիների այցերին Հայաստանում Արցախում ազատազրկված իրենց հարազատներին, պաշտոնական Բաքուն պնդում է, որ երբեք չի խոչընդոտել այդպիսի այցերին։ Նա պնդում է, թե ադրբեջանցիները Հայաստան ու Արցախ չեն այցելում անվտանգության նկատառումներով։ Սա, սակայն, անհեթեթություն է, քանի որ բազմաթիվ թյուրքախոսներ Հայաստան են այցելում Իրանից, ու նրանց ոչ մի վտանգ չի սպառնում։