Իլ դե Ֆրանս տարածաշրջանը 10 մլն եվրո կհատկացնի հրդեհված Փարիզի Աստվածամոր տաճարին
Իլ դե Ֆրանս տարածաշրջանը 10 մլն եվրո (մոտ 11,3 մլն դոլար) կհատկացնի հրդեհված Փարիզի Աստվածամոր տաճարին անհապաղ օգնություն տրամադրելու համար, հաղորդում է BFMTV-ն՝ վկայակոչելով տարածաշրջանի ղեկավար Վալերի Պեկրեսին:
Հաղորդվում է, որ Պեկրեսը նշել է, որ 10 մլն եվրո անհապաղ օգնություն կհատկացնի տաճարի վերանորոգման համար:
Բացի այդ Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը տաճարի վերականգնման համար դրամահավաք է սկսել: Օգտատերերին առաջարկվում է միանգամյա վճար կատարել կամ ամեն ամիս միջոցներ փոխանցել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիացի գործարար-միլիարդատեր Պինոյի ընտանիքը 100 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, որը վնասվել է հրդեհի պատճառով:
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան։ Փլուզվել է տաճարի սրածայր աշտարակը, հրդեհը վնասել է հենակառույցը։ Հրդեհը մարելու աշխատանքներին ներգրավված է եղել մոտ 400 հրշեջ, Figaro թերթը, հղում կատարելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, տեղեկացրել է բաց կրակի վերացման մասին։ Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ արտակարգ իրավիճակը կարող էր կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ, տաճարի մի մասը ծածկված էր շինափայտով։