ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի և ՆԱՏՕ համագործակցության լիակատար դադարեցման մասին
ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի համագործակցությունն ինչպես ռազմական գծով, այնպես էլ քաղաքացիական ոլորտում լիովին դադարեցված է։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«ՆԱՏՕ-ն ինքն է հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերությունների դրական օրակարգից։ Այն գոյություն չունի։ Եվ առայժմ չկան նշաններն այն բանի, որ ՆԱՏՕ-ում գիտեն ինչպես դուրս գալ այս փակուղուց»,- ավելացրել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ դաշինքը շատ հեռուն է գնացել Ռուսաստանի հետ առճակատման խորացման հարցում։ Գրուշկոն փաստել է, որ Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները «ամենից շատ հիշեցնում են «սովորական» իրավիճակ, որի ներքո ստեղծվել է ՆԱՏՕ-ն՝ «սառը պատերազմ»։
Նա նշել է, որ Մոսկվան չի պատրաստվում անտեսել դաշինքը, քանի որ դա անվտանգության լուրջ գործոն է։ «Ընդ որում՝ մենք հասկանում ենք. շատ բան, ինչ արվում է դաշինքում, ԱՄՆ քաղաքականության ածանցյալն է։ Կփոխվեն Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները՝ կփոխվեն նաեւ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները»,- ավելացրել է Գրուշկոն։
Փոխնախարարը հիշեցրել է, որ գոյություն ունեցող ճգնաժամը հարաբերություններում առաջինը չէ, բայց ամենաերկարատեւն է։
Ինչպես ընդգծել է Գրուշկոն, ճիշտ չէ կարծել, թե մինչեւ ճգնաժամն Ուկրաինայում Մոսկվայի եւ դաշինքի հարաբերություններում ամեն բան բնականոն է եղել. մինչեւ 2014-ը ՆԱՏՕ-ն «մտել է ներքին անկայունության, կողմնորոշիչների կորստի եւ նոր նշանակության որոնման անհրաժեշտության վիճակի մեջ»։ Դրան ուղեկցել են Աֆղանստանում գործողության անհաջողությունն ու այն, որ ՆԱՏՕ ընդլայնման քաղաքականությունը սպառել է իրեն, նշել է փոխնախարարը։
Գործակալության զրուցակիցը նաեւ մատնանշել է, որ ՆԱՏՕ երկրների ռազմական ծախսերը 2018-ին գերազանցում են տրիլիոն դոլարը եւ կազմում համաշխարհայինի ավելի քան կեսը։
«Դա պաշտպանական ծախսերի համար ռուսաստանյան ծախսերից ավելին է 22 անգամ»,- ասել է Գրուշկոն։
Փոփնախարարը փաստել է, որ Մոսկվան ռազմական գծով շփումներ չունի ամբողջ դաշինքի հետ, բայց դրանք կան ՆԱՏՕ առանձին երկրների հետ։
«ՆԱՏՕ-ն հրաժարվել է մեզ հետ գործնական համագործակցությունից ՝ ի շահ անվտանգության ամրապնդման։ Բայց կա համատեղ աշխատանքի օբյեկտիվ պահանջ չկանխատեսված սրացման ռիսկերի նվազման, միջադեպերի կանխման գործում»,- ասել է Գրուշկոն։
Նա անհեթեթ է անվանել դաշինքի որոշումը՝ դադարեցնել նորմալ աշխատանքային շփումները ռազմական գծով՝ նշելով, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններից է շատ բանով կախված նաեւ Եվրոպայում ռազմական անվտանգության դրությունը։
«Սպասենք, մինչեւ որ դաշինքն ինքը հասունանա՝ գիտակցելու համար մեզ հետ լուրջ խոսակցության կարեւորությունը անվտանգության հարցերում»,- ամփոփել է Գրուշկոն։