Թեհրանը բացատրություններ է պահանջում Փարիզից
Իրանի ԱԳՆ-ը կանչել է Թեհրանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆիլիպ Թիբոյին Վաշինգտոնում նրա գործընկերոջ թվիթի առնչությամբ:
Ինչպես հաղորդում է Mehr-ը,
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրագործման
հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Հոսեյն Սադաթ Մեյդանին հայտարարել է,
որ Իրանում չի հանդուրժի ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերարա Արոյի
մեկնաբանությունները:
Մեյդանին պահանջել է Ֆրանսիայի կառավարությունից բացատրություններ այդ
հարցի շուրջ եւ հայտարարել, որ եթե Ֆրանսիայի կառավարությունը հաստատի, որ
դեսպանի նկատողությունները բխում էին իր դիրքորոշումից, ապա դա լրջորեն
խախտում է ԳՀՀԾ-ի նպատակները: Նա նշել է, որ եթե ֆրանսիական կողմը չլուծի
խնդիրը, ապա Իրանն իրավունք ունի համապատասխան արձագանք տալու:
Թիբոն իր հերթին հայտարարել է, որ Վաշինգտոնի իր գործընկերոջ հրապարակած
թվիթների մասին տեղեկություններ չունի: Նա ընդգծել է, որ ֆրանսիական
կառավարությունն աջակցում է ԳՀՀԾ-ի լիարժեք կատարմանը:
Կիրակի ավելի վաղ Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին արձագանքել է
ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանի թվիթին եւ կոչ արել Ֆրանսիայի կառավարությանը
հստակեցնել իր դիրքորոշումը:
ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը գրել է, մասնավորապես, որ «սխալ է ասել, որ
ԳՀՀԾ-ի ժամկետը լրանալուն պես Իրանին կթույլատրվի ուրանը հարստացնել:
Համաձայն միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրի՝ նա պետք է
ապացուցի, որ իր միջուկային գործունեությունը կրում է քաղաքացիական
բնույթ»: «Ինչպես մենք նշել ենք 2002 թվականին, ուրանի հարստացումն առանց
հուսալի քաղաքացիական ծրագրի կլիներ անօրինական՝ ըստ միջուկային զենքի
չտարածման մասին համաձայնագրի. մենք նույնկերպ կարձագանքենք նաեւ 2025
թվականին, եթե դա լինի անհրաժեշտ: Պատժամիջոցներ էին կիրառվել: Դրանք կարող
են նաեւ վերականգնվել»,-հավելել է նա: