Եվրոպայի աջ պոպուլիստները պատրաստվում են ստեղծել նոր խմբակցություն Եվրախորհրդարանում
Մի քանի եվրոպական երկրներից աջ պոպուլիստները, որոնք պատրաստվում են ստեղծել նոր գումարման Եվրախորհրդարանում միացյալ խմբակցություն, չունեն որեւէ նախընտրական հայեցակարգ: «Մենք չենք մասնակցում եվրոպական ընտրություններին համատեղ ծրագրով, նախագիծը դեռեւս ստեղծման փուլում է»,-հայտարարել է «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) կուսակցության համանախագահ Յորգ Մոյտենը, հաղորդում է DW-ը՝ հղում կատարելով Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ին:
Եվրախորհրդարանի ընտրություններում գերմանական աջ պոպուլիստների գլխավոր
թեկնածուի խոսքերով՝ յուրաքանչյուր կուսակցությունն անցկացնում է իր
ազգային քարոզարշավը եւ փորձում է ստանալ ձայների հնարավորինս առավելագույն
քանակությունը: Ընդ որում՝ նոր խմբակցության մեջ ներգրավված
կուսակցությունները դեմ են միասեռ ամուսնություններին եւ գենդերային
խելագարությանը, եւ կողմ են միգրացիոն քաղաքականության մեջ խիստ
սահմանափակումներին, նշել է նա: Միաժամանակ Մոյտենը խոստովանել է, որ
տարբեր կուսակցությունների միջեւ կան տարաձայնություններ ԵՄ երկրներում
անօրինական միգրանտներին բաշխելու հարցի շուրջ:
Ներկայումս բացի գերմանական ԱԳՀ կուսակցության, նոր խմբակցության անդամ
մտադիր են դառնալ իտալական «Լիգա»-ն, Դանիայի ժողովրդական կուսակցությունը,
«Իրական ֆիններ» կուսակցությունը, Ավստրիայի ազատության կուսակցությունը,
ինչպես նաեւ էստոնական աջ պոպուլիստները: Ըստ կանխատեսումների՝ նոր
խմբակցությունում կկարողանան ընդգրկվել շուրջ 50 պատգամավորներ:
Մոյտենը գտնում է, որ խմբին կմիանան այլ աջ խմբակցությունների եւ
հայացքները կիսող կուսակցությունների եվրապատգամավորները, մասնավորապես,
Մարին Լե Պենի ֆրանսիական «Ազգային միասնություն»-ից:
Մոյտենի խոսքերով՝ ԱԳՀ-ն եւ դրա եվրոպական գործընկերները մտադիր են
«զրոյացնել ԵՄ-ում անօրինական միգրացիան», «պահպանել եվրոպական
բազմազանությունն ու մշակույթների հարստությունը, եւ կառուցել «Եվրոպայի
ամրոցը»:
Եվրահանձնաժողովի ներկայից կազմում է «Ազգերի եւ ազատությունների
Եվրոպա» աջ պոպուլիստական խումբը, որում ներառված են ֆրանսիական «Ազգային
միասնություն»-ը, իտալական «Լիգա»-ն եւ նրանց դաշնակիցները. այն ունի 37
պատգամավորական մանդատ 751-ից: Սակայն Եվրահանձնաժողովի նախորդ
ընտրություններից 5 տարի անց ԵՄ երկրներում աջ կուսակցությունների
ժողովրդականությունը զգալի աճել է: Եվրահանձնաժողովի ընտրությունները
կկայանան ԵՄ երկրներում մայիսի 23-26-ը: