Մերձմոսկովյան շրջանում ադրբեջանցի առևտրականները կրակել են միմյանց՝ փտած կարտոֆիլի պատճառով
Ռուսաստանի Մերձմոսկովյան շրջանում ադրբեջանցիների միջև փտած կարտոֆիլի պատճառով ծագած ծեծկռտուքը վերածվել է հրաձգության, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Ինչպես հաղորդում է mk.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 14-ին: Նշվում է, որ մահացած տղամարդու ընկերը գլխի վնասվածք է ստացել, սակայն կարողացել է հեռանալ դեպքի վայրից:
Աղբյուրի տվյալներով՝ մոտ մեկ շաբաթ առաջ վաճառականներն իրենց հայրենակիցներից 15 տոննա կարտոֆիլ են գնել 300 000 ռուբլիով: Նրանք հույս ունեին 1.5-2 անգամ ավելի գումար վաստակել, սակայն տուն ժամանելով նկատել են, որ բանջարեղենը, հավանաբար, ցրտահարված է եղել, իսկ օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ սկսել է փտել:
Վաճառականները վերադարձել են նրանց մոտ, ումից գնել էին կարտոֆիլն ու իրենց գումարը հետ պահանջել: Կարտոֆիլի պարկերը հետ են վերցրել, սակայն գումարի վերադարձն սկսել են ձգձգել:
Գումարի վերադարձի փոխարեն կողմերն սկսել են բարձրաձայն վիճել, ինչին հաջորդել են կրակոցները: 32-ամյա խաբված առևտրականը մահացել է որովայնին ստացած վերքից, իսկ ընկերը վիրավորվել է գլխից: Քննիչները ներկա պահին պարզում են կատարվածի բոլոր հանգամանքներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին: