Այսօր լրանում է Համո Սահյանի ծննդյան 105-ամյակը
105 տարի առաջ այս օրը՝ 1914 թվականի ապրիլի 14-ին Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում ծնվել է հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանը:
1927 թվականին նա տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում։ 1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։
Համո Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն էր, որտեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը՝ սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ։
Սահյանին հռչակ են բերել «Նաիրյան դալար բարդի», «Հայաստան ասելիս», «Ախր ես ինչպե՛ս...» և այլ գործեր: Վերջին շրջանի գործերից են` «Խիղճդ մեռնի, աշխարհ, մուխդ մարի», «Թող աշխարհը ցավ չունենար», «Որ չքնի հանկարծ», «Հոգնել եմ արդեն», «Տարիներս» և այլ բանաստեղծությունները, «Հայրենի գյուղ», «Վերադարձ» պոեմները: Սահյանը գրել է նաև հայրեններ:
Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: Երևանում Սահյանի անունով կոչվել է փողոց, դպրոց, գործում է «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնը, որը սահմանել է Սահյանի անվան հուշամեդալ: 2014-ին՝ բանաստեղծի 100-ամյակին, նրա հայրենի Լոր գյուղում բացվել է գրողի տուն-թանգարանը։