ԵԽԽՎ-ն Ադրբեջանին մեղադրել է 2.9 մլրդ դոլար կաշառք տալու մեջ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ադրբեջանում փողերի լվացման մասին երեկ բանաձև է ընդունել: «Կոռուպցիոն լվացքատուն» վերնագրով զեկույցի հեղինակը հոլանդացի պատգամավոր Մարտ վան դե Վենն է: Փաստաթղթում խոսվում է խոշոր գումարների լվացման, Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից եվրոպացի գործիչներին և պատգամավորներին կաշառելու մասին, գրում է Shantnews.am լրատվական կայքը:
«Կոռուպցիոն լվացքատուն» անվանումն ստացած բանաձևի հերոսն իրականում միայն Ադրբեջանը չի: Բանաձևում ներառված են նաև Ռուսաստանի, Մոլդովայի, Մեծ Բրիտանիայի, Էստոնիայի, Բալթյան երկրների, Շվեդիայի, անգամ բանաձևի հեղինակի հայրենի Հոլանդիայի անունները: Ադրբեջանը, սակայն, առանձնացել է ծախսված փողերի առատությամբ:
Փաստաթղթի հեղինակ Մարտ վան դե Վենի համոզմամբ՝ Ադրբեջանում կոռուպցիայի պատճառները անկախ քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնաճնշումներն ու լրատվամիջոցների ազատության սահմանափակումներն են, որոնք վերահսկիչ դեր կարող են ունենալ հանցավոր գործարքների դեմ: Ադրբեջանական պատվիրակությունը փորձել է պաշտպանվել՝ կրկին մեջբերելով 1 մլն փախստականի չարչրկված թեման:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2279 բանաձևով Ադրբեջանին կոչ է արել անկողմնակալ քննություն սկսել ԵԽԽՎ որոշ անդամների՝ կոռուպցիոն գործողություններում ներգրավված լինելու մասին մեղադրանքների առումով, թեև նույն բանաձևում նշվում է, որ Ադրբեջանի նախագահի մերձավորների միջոցով է ծախսվել մոտ 2․9 մլրդ դոլար: Դա հիմնականում նվերի տեսքով փոխանցվել է եվրոպացի պաշտոնյաներին՝ ադրբեջանական մութ գործարքների կամ ագրեսիվ քայլերի վրա աչք փակելու համար: Եվրոպացի պաշտոնյաները աչք են փակել նաև Ադրբեջանում մարդու իրավունքների համատարած խախտումների վրա:
ԵԽԽՎ-ն ադրբեջանական լվացքատան շրջանակում մեղադրանքներ է ներկայացրել նաև եվրոպական մի շարք կազմակերպությունների՝ Ադրբեջանից դուրս եկած փողերը լատվիական, մոլդովական և բրիտանական բանկերի միջոցով օֆշորային գոտիներ տեղափոխելու համար: Բանաձևին աջակցել են նաև ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Եվրոպայում հաստատված ադրբեջանցի քաղաքական գործիչներ: Բանաձևի հոլանդացի հեղինակը հույս ունի, որ սա ևս մեկ քայլ է՝ Ադրբեջանը եվրախորհրդի ընտանիքից հեռացնելու համար: