Երևանում ընթանում է «Թումանյանի հետքերով» գեղարվեստական ցուցահանդես
Երեւանում ընթանում է «Թումանյանի հետքերով» գեղարվեստական ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյա տարեդարձին: Ցուցահանդեսին ներկայացված են Թբիլիսիից հայ նկարիչ Թենգիզ Միկոյանցի աշխատանքները: Մամուլի ասուլիսի ժամանակ Միկոյանցը հույս հայտնեց, որ իրեն հաջողվել է նկարներում առավելագույնս մոտ վերաստեղծել այն վայրերը, որոնք կապված են Հովհաննես Թումանյանի հետ: Նկարիչն աշխատանքը սկսել է 2018 թվականի նոյեմբերին եւ ավարտել գրեթե 20 օր առաջ: Աշխատանքի հիմնական մասը ներկայացվել է փետրվարի 19-ին Թբիլիսիում:
«Լոռվա ձոր» միության նախագահ Սերգո Երիցյանը նշեց, որ Դսեղ գյուղում նաեւ բաց ցուցահանդես է անցկացվել: «Դրանից բացի, ցուցահանդեսներ են նախատեսված Վանաձորում»,- հավելեց նա:
Սերգո Երիցյանը ընդգծեց, որ մայիսի սկզբին սպասվում է «Լոռվա աշխարհ» կոչվող ցուցահանդեսը, որին կներկայացվեն 8 երկրների նկարիչների աշխատանքներ, որոնք անցյալ տարվա աշնանը եղել են Լոռիի մարզում: «Այստեղ նկարիչներն աշխատել են այն վայրերին նվիրված նկարների վրա, որոնք կապված են Հովհաննես Թումանյանի հետ»,- հայտարարեց նա:
Նշենք, որ ցուցահանդեսի բացմանը մասնակցել են նաեւ Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանը, նկարիչներ, արվեստի գործիչներ: Հիշեցնենք, որ այս տարի լրանում է հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 տարին: