Ադրբեջանում հայտնաբերվել է Իրանից այնտեղ տարանցված թմրանյութի հերթական խոշոր խմբաքանակը
Բեյլագգանից արևելք՝ ադրբեջանական Բահրամթեփե բնակավայրի մոտ գտնվող մաքսակետում, այսօր ձերբակալվել է Ադրբեջանի երեք քաղաքացի, որոնք փորձում էին Իրանից Ադրբեջան անցկացնել թմրանյութերի խոշոր խմբաքանակ։ Այս մասին հայտնել է ադրբեջանական սահմանապահ ծառայությունը։
Ադրբեջանի քաղաքացիներին պատկանող մեքենայի խուզարկության ժամանակ դրա մեջ ադրբեջանական սահմանապահները նկատել են 6 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրանյութ, ինչպես նաև թմրանյութերի պատրաստման համար աճեցվող բույսի սերմեր։
Հիշեցնենք՝ սա առաջին դեպքը չէ այսպիսի բացահայտման, ու այս դեպքերը կարելի է նույնիսկ սովորական համարել։
Մարտի 15-ին Իրանի հետ սահմանին Ադրբեջանի մաքսային ծառայության աշխատակիցները բացահայտել են մի քանի տասնյակ կիլոգրամ հոգեմետ դեղերի ներկրման փորձ։ Թմրավաճառներն այդ ապրանքը մտադիր էին Իրանից տեղափոխել Ուկրաինա, ինչի մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
56 կիլոգրամ ընդհանուր զանգվածով հոգեմետ դեղամիջոցները հայտնաբերվել են բեռնատար մեքենայի կցորդչում։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ այդ քանակով այդպիսի դեղամիջոցների գինը սև շուկայում 5-6 միլիոն դոլար կկազմեր։
Նույն անցակետում ընդամենը 3 շաբաթ առաջ Ադրբեջանի մաքսային ծառայությունը Իրանից ադրբեջանական տարածքով Ուկրաինա մեկնող բեռնատարի կցորդիչի պատի մեջ հայտնաբերել էր 28,4 կիլոգրամ հերոին՝ 54 առանձին փաթեթով։ Դրանք նախատեսված էին հենց Ուկրաինայի տարածքում իրացման համար։
Թմրանյութերի նման խոշոր խմբաքանակի տարանցման ևս մեկ դեպք Ադրբեջանում բացահայտվել է 2018 թվականի հուլիսին։ Իրան-Ադրբեջան սահմանի Աստարա բնակավայրի անցակետում ադրբեջանական մաքսային ծառայությունները այդ ժամանակ բացահայտել էին Իրանից եվրոպական երկրներ 50 կգ թմրանյութերի տարանցման փորձ։
Նույն վիճակն է նաև Ադրբեջանի անկլավում՝ Նախիջևանում։ Նոյեմբերին բացահայտվել է դեպք, երբ Թուրքիայի քաղաքացին Նախիջևանի տարածքով փորձել է Թուրքիա փոխադրել 105 կգ հերոին։ Թմրանյութի ամբողջ զանգվածը եղել է 104 փաթեթների մեջ ու նախատեսված է եղել Ստամբուլի համար։
Տեղին է շեշտել, որ ամփոփ տվյալների համաձայն՝ 2018 թվականին Ադրբեջանում կատարված բոլոր 26 հազար հանցագործությունների 12.3 տոկոսը կապված է եղել թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ։ Այս բոլոր հանցագործությունների կատարման հետ կապ է ունեցել ընդհանուր առմամբ 2492 մարդ։