Հայաստանն ունի բոլոր բաղադրիչները` խորացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ
Ատլանտյան խորհուրդում օրերս տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Եվրոպական հարևանության քաղաքականության ու Արևելյան գործընկերության 10 ամյակին: ԵՄ և գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչները քննարկել են անցած 10 տարին ու հետագա համագործակցության ընթացքը։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
«Մեր շահերից է բխում, որ մեր հարևանությամբ գտնվող երկրները լինեն կայուն, սերտ հարաբերություններ ունենան մեզ հետ ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական առումով»,- Վաշինգտոնում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Ատլանտյան խորհուրդի կազմակերպած՝ Եվրոպական հարևանության քաղաքականության ու Արևելյան գործընկերության 10 ամյակին նվիրված համաժողովին:
Հանձնակատար Հանն ընդգծել է Եվրամիության պատրաստակամությունը շարունակել աջակցել Արևելյան գործընկերություն անդամ երկրներին՝ վերջիններիս կայունությանն ու զարգացմանը հասնելու նպատակով:
«Խոսքը Եվրոպայի շուրջ բարեկեցության գոտի ձևավորելու մասին է»,- նշել է հանձնակատարը:
Համաժողովն իր շուրջն էր համախմբել Արևելյան գործընկերության երկրների ու միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչներին: Քննարկումների հիմքում էր եվրոպական արժեքների ինտեգրացումը, տնտեսական զարգացումն ու Արևելյան գործընկերության դերը:
«Եվրոպական ինտեգրացումը տեղի է ունենում բազմաթիվ նորմերի ու չափանիշների ընդունմամբ: Այն պահանջում է քրտնաջան աշխատանք, ուստի լավագույն ճանապարհը հետևողական և մշտական աշխատանքն է, որը կմոտեցնի տնտեսությունն ու հանրությանը Եվրոպային»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան:
Վերջինս գոհունակություն է հայտնել այսօր Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների զարգացման ընթացքից՝ ընդգծելով, որ չնայած Հայաստանը հրաժարվել է DCFTA առևտրային համաձայնագրի ստորագրումից կողմերին հաջողվել է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում հասնել ընդհանուր հայտարարի ու կնքել պայմանագիր: Նա Եվրամիության աջակցությունն է հայտնել Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին ու գործող իշխանությանը՝ ընդգծելով Եվրոպայի պատրաստակամությունը օժանդակելու հետագա բարեփոխումների ընթացքին:
Վերլուծաբան Ջոնաթան Կացը վստահ է, որ Հայաստանի եվրոինտեգրումը հնարավոր է:
«Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ բաղադրիչները խորացնելու իր հարաբերությունները Եվրամիության հետ: Չնայած պայմանագիրը Ասոցիացման համաձայնագիր չէ, սակայն Եվրամիությունը դիտարկում է Հայաստանը որպես գործընկեր, իսկ Հայաստանը Եվրամիությանը՝ որպես քաղաքական և տնտեսական ուղեգիծ»,- հայտնել է Կացը:
Նա ընդգծել է Հայաստանի գործող իշխանությունների պատրաստակամությունը թիրախավորելու այն խնդիրները, որոնք նախկինում անտեսված էին:
Արևելյան գործընկերության շրջանակում և դրանից դուրս Հայաստանի գործող իշխանությունների կողմից բարեփոխումներ իրականացնելու վճռականության մասին խոսել է նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը, ով անդրադարձել է նաև Հայաստանում վերջին տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական զարգացումներին:
«Հայաստանի թավշյա հեղափոխությունը նոր էջ բացեց մեր երկրի պատմության մեջ և հանգեցրեց նոր իրականության»,- նշել է դեսպան Ներսիսյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը Արևելյան գործընկերություն նախաձեռնությունը դիտարկում է որպես առաջնահերթություն: Ըստ դեսպանի՝ այսօր Հայաստանի իշխանությունները լուրջ քայլեր են ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության հաստատման և հավասար հնարավորությունների ստեղծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսականը: