Բրիտանացի խորհրդարանականները կոչ են անում Ասանժին Շվեդիա արտահանձնել
Ավելի քան 70 բրիտանացի խորհրդարանականներ կոչով դիմել են երկրի ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդին, որպեսզի WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Շվեդիա արտահանձնեն, հայտնում է Associated Press-ը:
ՆԳ նախարարին ուղարկված խորհրդարանականների նամակում նշված է. «Ամեն ինչ արեք, որպեսզի ապահովեք Ասանժին Շվեդիային հանձնելու հնարավորությունը, եթե շվեդական իշխանությունները արտահանձնելու մասին հարցում ուղարկեն»:
Բրիտանական ոստիկանությունն ավելի վաղ կարողացել է Լոնդոնում Ասանժին կալանավորել այն բանից հետո, երբ Էկվադորի իշխանությունները հետ են կանչել ապաստանի նրա իրավունքը: Բրիտանական մայրաքաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ WikiLeaks-ի հիմնադիրը կալանավորվել է, այդ թվում՝ նրան արտահանձնելու ԱՄՆ հարցման հետ կապված:
ԱՄՆ-ում նրան մեղադրում են գաղտնի տեղեկությունների հրապարակման համար: Դա Ասանժին կարող է սպառնալ մինչեւ 5 տարվա բանտարկությամբ:
Շվեդիայում WikiLeaks-ի հիմնադրի դեմ գործ է հարուցվել բռնաբարության եւ սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքներով, որոնք իբր տեղի են ունեցել 2010 թվականի օգոստոսին: Ինքը՝ WikiLeaks-ի հիմնադիրը, պնդում է, որ իր դեմ քննությունը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ այն սկսվել է WikiLeaks-ում Պենտագոնի փաստաթղթերի մեծածավալ հրապարակումներից հետո:
Շվեդիայում Ասանժի դեմ նախաքննությունը դադարեցվել է 2017 թվականի մայիսին: Անցած հինգշաբթի Շվեդիայի դատարանը ստացել է շվեդ հայցվորի փաստաբանի հայցը Ասանժի դեմ նախաքննության վերականգնման մասին: