Էրդողանի փեսան ներդրողներին չի համոզել
Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը չի կարողացել ներդրողներին համոզել Թուրքիայի տնտեսության հեռանկարների հարցում: Թուրքիայի նախագահի փեսան տնտեսական վերափոխման իր ծրագրի քիչ համոզիչ մանրամասներ է ներկայացրել եւ Վաշինգտոնում մասնավոր հանդիպման ժամանակ չի կարողացել ներդրողների հիացմունքն առաջացնել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով հանդիպման մասնակիցներին:
Վաշինգտոնի հյուրանոցներից մեկում էին հավաքվել մոտ 400 ներդրողներ, որտեղ Ալբայրաքը եւ Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Մուրաթ Չեթինքայան ներկայացրել են բարեփոխումների փաթեթը:
Թուրքական լիրայի տատանումների եւ ներդրողների վստահության կորուստի հետ կապված՝ երկարաժամկետ բարեփոխումների համոզիչ փաթեթի հանձնառությունը ճանաչվել էր Թուրքիայի լավագույն հնարավորություններից մեկը տնտեսության վերականգնման համար, որը տուժում է ռեցեսիայից եւ բարձր ինֆլյացիայից:
Բայց Թուրքիայի ակնկալվող վերականգնման վերաբերյալ Ալբայրաքի լավատեսական կարծիքը Վաշինգտոնում անարձագանք է մնացել, հայտնել են աղբյուրները: Նրանցից մեկն ասել է, որ Ալբայրաքը մատնացույց է արել վերջերս տեղի ունեցած գնանկումը եւ ընթացիկ գործարքների բարելավումը՝ պնդելով, որ Թուրքիայում այսօր իրավիճակը շատ ավելի բարվոք է, քան անցյալ տարվա հոկտեմբերին:
«Չեմ կարծում, որ նա որեւէ մեկին համոզեց, ամեն ինչ այլ կերպ ընթացավ»,- ասել է ներդրողը, որը մասնակցել է JPMorgan ներդրումային բանկի կազմակերպած համաժողովին: Նրա խոսքով՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի եւ Եվրոպական կենտրոնական բանկի քաղաքականության աջակցության վերջին փոփոխությունները, որոնք ներդրողներին մղել են շահույթ որոնել ավելի ռիսկային ակտիվներում, օգնել են աջակցել թուքական շուկաներին:
Նախօրեին լիրան արժեզրկվել է 1,4 տոկոսով՝ զարգացող շուկաներում վատթարագույն արդյունքներ ցույց տալով, իսկ Թուրքիայի հիմնական ֆոնդային ինդեքսը նվազել է:
2018 թվականին լիրան արժեզրկվել էր գրեթե 30 տոկոսով, ինչի հետեւանքով տնտեսությունը ռեցեսիայի էր անցել, որը, ինչպես ակնկալում են տնտեսագետները, կտեւի նաեւ նվազագույնը այս տարվա երկրորդ կեսին:
«Չեմ կարծում, որ որեւէ մեկը հեռացավ Թուրքիայի մասին իր պատկերացումները փոխած»,- համաժողովից հեռանալիս ասել է երկրորդ ներդրողը: Եվս մեկ մասնակից նշել է, որ ներդրողների շրջանում ընդհանուր կարծիք է ձեւավորվել, որ Թուրքիայի նկատմամբ վստահության վերականգնման համար ավելին է պետք անել:
Ներդրողների մտահոգությունը խորացրել է Ստամբուլում ընտրությունների արդյունքների շուրջ անորոշությունը, ինչպես նաեւ անցյալ ամսվա վերջին կառավարության նախաձեռնած մի շարք քայլերը, ներառյալ JP Morgan-ի ներդրումային հանձնարարականների ստուգումները: