Մեկնարկում է հայկական դասական երաժշտության «Երաժշտական խճանկար» համերգաշարը
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում այսօր` ապրիլի 13-ին, կմեկնարկի OST նախագծի «Երաժշտական խճանկար» համերգաշարը, որը նվիրված է հայ մեծանուն գործիչներ Կոմիտասի, Թումանյանի, Տիգրանյանի, Օթյանի և Լևոն Շանթի հոբելյաններին:
Համերգաշարը կոչված է հանրայնացնել հայ դասականների երաժշտական ժառանգությունը և ամրապնդել սերը նրա նկատմամբ: Ըստ այդմ՝ համերգաշարի ծրագիրը հագեցած է լինելու միայն հայ անվանի կոմպոզիտորների և երգահանների ստեղծագործություներով, որոնք կատարելու են OST նախագծի շրջանակներում միավորված երիտասարդ երաժիշտները:
«Երաժշտական խճանկարի» առաջին համերգին կհնչեն Կոմիտասի, Ա. Բաբաջանյանի, Ռ.Մելիքյանի, Ռ.Անդրեասյանի, Ալ. Աճեմյաին, Պ. Աֆրիկյանի ի Հ. Գրիգորյանի ուշագրավ ստեղծագործությունները:
Համերգը, որը կմեկնարկի ժ.14:00-ին, իրականացնում է «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» ՀԿ-ն Մշակույթի նախարարության ու Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ: