Հայկական պատվիրակության հանդիպումները Վաշինգտոնում շարունակվում են
ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ ապրիլի 11-ին հանդիպումներ է ունեցել ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի և ԱՄՀ Մերձավոր Արևելքի և
Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, իսկ ապրիլի
12-ին՝ ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի և
ԱՄՀ գործադիր խորհրդի տնօրեն Ռիչարդ Դորնբոշի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվելիք հարկային
բարեփոխումներին, մտքեր փոխանակել կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ
անհրաժեշտ քայլերի շուրջ: Փոխվարչապետը, ներկայացնելով Կառավարության
գերակայությունները, ընդգծել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների
հետ համատեղ իրականացվելիք աշխատանքի կարևորության մասին:
Փոխվարչապետն ապրիլի 12-ին հանդիպում է ունեցել նաև Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի հետ:
Փոխվարչապետը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ օրեցօր
ակտիվացող համագործակցությունը և կարևորել նաև ԵՆԲ-ից ստացված
խորհրդատվական աջակցությունը, ինչն էապես բարձրացնում է իրականացվող
ծրագրերի նպատակայնությունը և զարգացնում է մասնագիտական կարողություններն
ապագա ծրագրերի արդյունավետ իրականացման համար: Մհեր Գրիգորյանը հույս է
հայտնել, որ ԵՆԲ-ն ակտիվ գործունեություն կծավալի նաև ուղղակի ներդրումներ
իրականացնելով մասնավոր հատվածում, ինչը անմիջականորեն կնպաստի երկրում
գործարար արդի մշակույթի զարգացմանը և բիզնես գործունեության
թափանցիկության բարձրացմանը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԵՆԲ-ի միջև հնարավոր նոր
ուղղություններով համագործակցության զարգացումը՝ մասնավորապես նշվել են ջրի
կառավարման և էներգախնայողության ոլորտները: Հանդիպմանը երկուստեք
կարևորվել է առաջիկայում կայանալիք ԵՆԲ ծրագրերի պորտֆելի քննարկումը, որը
թույլ կտա մշակել նոր ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ և դիտարկել
ապագա համագործակցության հնարավորությունները: