Մեկնարկել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատանքային այցը ԱՄՆ
Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի 2019թ. գարնանային հանդիպումների շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Ինչպես տեղեկանում է Հայաստանի կառավարության լրատվական ծառայությունից, ապրիլի 11-ին փոխվարչապետի այցը մեկնարկել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերի, այնուհետև ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ հանդիպումներով:
Հանդիպումների ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և
Համաշխարհային բանկի միջև առկա համագործակցությունը, ինչպես նաև շեշտվել է
վերջերս հաստատված «Երկրի գործընկերության շրջանակ 2019-2023»
ռազմավարական փաստաթղթի կարևորությունը համագործակցության հետագա զարգացման
տեսանկյունից: Զրուցակիցներն անդրադարձել են ռազմավարական փաստաթղթից բխող
հիմնական ուղղություններով առաջիկայում նախատեսվող քայլերին, մասնավորապես
ենթակառուցվածքների զարգացման ոլորտում: Այդ համատեքստում փոխվարչապետ
Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Կառավարության կողմից նախանշված
բարեփոխումների հիմնական շրջանակը: Փոխվարչապետը կարևորել է Համաշխարհային
բանկի կողմից տրամադրվող խորհրդատվական աջակցության շարունակականությունը
հատկապես՝ կապիտալի շուկայի զարգացման, պետական կառավարման
արդյունավետության բարձրացման և մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում:
Փոխվարչապետը և Համաշխարհային բանկի պաշտոնյաները քննարկել են համատեղ
իրականացվող ծրագրերի ընթացքը և մտքեր փոխանակել դրանց արդյունավետության
բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ:
Այնուհետև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Միջազգային
ֆինանսական կորպորացիայի՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանի,
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Գեորգինա Բեյքերի հետ:
Հանդիպմանը ներկա էր նաև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վիբկե
Շլոմերը և տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենը:
Փոխվարչապետը բարձր է գնահատել ՄՖԿ-ի կողմից Հայաստանում մասնավոր
հատվածում իրականացվող ծրագրերը և հույս հայտնել, որ ՄՖԿ-ն աջակցություն
կցուցաբերի Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման գործում՝ վստահեցնելով,
որ դա կնպաստի երկրում առավել թափանցիկ և գրավիչ բիզնես միջավայրի
ստեղծմանը: