Բայրամ Մամեդովի փաստաբանը հայտարարել է իր պաշտպանյալին կտտանքների ենթարկելու մասին
Բաքվի վճռաբեկ դատարանը մերժել է 30 օրվա կալանավորման դատապարտված երիտասարդ ակտիվիստ Բայրամ Մամեդովի բողոքը։
«Ես գիտեմ, որ ձեզնից արդար որոշում սպասել պետք չէ, ես բողոք եմ ներկայացրել, որպեսզի գամ դատարան եւ տեսնեմ ընկերներիս»,- դատական նիստի ժամանակ ասել է ակտիվիստը:
Դատավորի այն հարցին, թե ինչ է նա խնդրում, Մամեդովը պատասխանել է, որ ինքը չի խնդրում այլ պահանջում է փոխել անարդար որոշումը։
Իր հերթին փաստաբան Էլչին Սադիխովը հայտարարել է, որ քրեակատարողական հիմնարկում Բայրամ Մամեդովը կտտանքների եւ նվաստացումների է ենթարկվել։ Կարճ խորհրդակցությունից հետո դատավորը հայտարարել է, որ 30 օրվա կալանքը մնում է ուժի մեջ։
Բայրամ Մամեդովը եւ Գիյաս Իբրահիմովը ձերբակալվել էին այն բանից հետո, երբ 2016թ․ քաղաքական կարգախոսներ էին գրել Հեյդար Ալիեւի հուշարձանին։ Երկուսին էլ 10 տարվա ազատազրկման էին դատապարտել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նրանց «խղճի բանտարկյալներ» էր ճանաչել։ Մամեդովին ու Իբրահիմովին այս տարվա մարտի 16-ին ներում էր շնորհվել։ Ազատվելուց հետո Մամեդովը ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում հանդես էր եկել Ադրբեջանի իշխանությունների կտրուկ քննադատությամբ եւ շուտով կրկին կալանավորվել էր։