Դեսպան Աշոտ Սմբատյանը Բավարիա երկրամասում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Ապրիլի 9-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց Բավարիա երկրամաս:
ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի ընթացքում դեսպանին ընդունեցին Բավարիայի խորհրդարանի՝ Լանդթագի նախագահ Իլզե Այգները (Ilse Aigner) եւ երկրամասի փոխվարչապետ Հուբերտ Այվանգերը (Hubert Aiwanger):
Զրուցակիցներն անդրադարձան խորհրդարանական համագործակցության հետագա խորացմանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Բավարիա երկրամասի միջեւ տնտեսական փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին: Հատկապես մատնանշվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գինեգործության ոլորտները:
Մյունխենում դեսպանը հանդիպեց նաեւ Գյոթեի ինստիտուտի խորհրդի նախագահ, գլխավոր քարտուղար Յոհաննես Էբերթի (Johannes Ebert) հետ: Կարեւորելով Երեւանում Գյոթեի կենտրոնի գործունեությունը՝ կողմերը երկուստեք ընդգծեցին համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը: