Մերկելը մոռացել է Բեռլինում դիմավորել Մեծ Բրիտանիայի վարչապետին
Brexit-ի հարցով բանակցությունների համար Բեռլին ժամանած բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյին ավտոմեքենայի մոտ չեն դիմավորել՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով The Independent-ին։
Թերթի կողմից հրատարակված կադրերում երեւում է, թե ինչպես է բրիտանացի վարչապետը դուրս գալիս մեքենայից եւ, միայնակ անցնելով կարմիր գորգի վրայով, շենք մտնում։
Ինչպես նշում է Politico-ն, կարեւոր հյուրերին ավանդաբար դիմավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, սակայն այս անգամ Մեյին ոչ ոք չի ուղեկցել։
Այն բանից հետո, երբ վարչապետը շենք է մտել, նրան հետեւել են լրագրողները։ Այնուհետեւ քաղաքական գործիչը վերադարձել է արդեն Մերկելի ուղեկցությամբ, կանայք կանգնել են տեսախցիկների առջեւ եւ սեղմել միմյանց ձեռքերը։
Հանդիպման արդյունքում Մերկելն ու Մեյը եկել են այն համաձայնության, որ անհրաժեշտ է ապահովել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի կարգավորված հեռացումը։ Այս մասին հայտնել է Մեյի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը։ Քաղաքական գործիչները նաեւ քննարկել են Եմենի եւ Լիբիայի իրավիճակը։
Անցյալ ուրբաթ Թերեզա Մեյը նամակով դիմել էր Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին՝ խնդրելով ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալը ապրիլի 12-ից հետաձգել մինչեւ հունիսի 30-ը։ Սակայն Բրյուսելը համաձայն է միայն երկարաժամկետ հետաձգման՝ մինչեւ հաջորդ տարվա մարտի վերջը։