4000 վերմակ, 250 մահճակալ եւ 30 վրան, Օգնությունը Հայաստանից Իրան կհասնի 2-3 օրվա ընթացքում. Ֆելիքս Ցոլակյան
Հայաստանն ու Ռուսաստանը մարդասիրական օգնություն են ուղարկել ջրհեղեղից տուժած Իրանի Իսլամական Հանրապետությանը: Հայաստանի եւ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների համատեղ ուժերով Իրանին տրամադրված մարդասիրական օգնությունն արդեն ճանապարհին է: Այսօր՝ ապրիլի 8-ին, ՀՀ ԱԻՆ-ից 4 բեռնատարներ շարժվեցին Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ լայնամասշտաբ ջրհեղեղի հետեւանքով տուժել են հազարավոր բնակիչներ, կան 70 զոհեր եւ 700 վիրավորներ: Օգնությունը տեղափոխող ԱԻՆ աշխատակիցներին եկել էին ճանապարհելու ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը եւ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
«Մենք առաջին օրը, որ խոսել ենք պարոն դեսպանի հետ, առաջարկել ենք մի քանի տեակի օգնություն: Իրենք մեզանից սնունդ չուզեցին, հրաժարվեցին, դրա համար մենք ուղարկում ենք՝ վերմակներ, մահճակալներ եւ վրաններ»,–ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նրա խոսքով, թվով 4000 վերմակներ, 250 մահճակալներ եւ 30 վրաններ Իրան կհասնեն 2-3 օրվա ընթացքում: Անձնակազմը օգնությունը կհանձնի Կարմիր Մահիկի կազմակերպությանը եւ 1-2 օր հանգստանալուց հետո հետ կվերադառնա:
ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն հայտնեց ՀՀ-ին մարդասիրական օգնության համար, կարեւորելով հայ-իրանական բարեկամական հարաբերությունները. «Ներկա պահին այս մարդասիրական օգնությունը, որ Հայաստանը ցուցաբերում է իրանական կողմին, դա մարդկային, շատ լավ սիմվոլիկ նշան է»,-ասաց դեսպանը:
Նրա խոսքով, ջրհեղեղի վտանգը դեռ չի ավարտվել, կապված եղանակային պայմաններից հնարավոր են նոր ավերվածություններ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ առատ տեղումների պատճառներով առաջացած ջրհեղեղներից Իրանի շատ նահանգներում ճանապարհները ողողվել են, վնասվել են ենթակառուցվածքները եւ տները, տրանսպորտը, ինչպես նաեւ խաթարվել է տրանսպորտային հաղորդակցությունը: Իրանում ջրհեղեղից մահացածների թիվը գերազանցել է 70-ը: Տարերքից, որն Իրանում սկսվել էր մարտի 21-ին՝ Նոր Տարին նշելուց մի քանի օր անց, տուժել են տասնյակ հազարավոր բնակիչներ եւ ըստ իրանական ԶԼՄ-ի, մոտ 1.9 հազար քաղաքներ եւ գյուղեր: