«Բա խի՞ չէիք էն ժամանակ ասում, որ գալիս եք տրանսգենդերներին ԱԺ ամբիոն տրամադրելու համար». ԲՀԿ-ականը՝ «Իմ քայլ»-ին (տեսանյութ)
Խորհրդարանում կան պատգամավորներ, որոնք հանրությանը հայտնի լինելու համար հնչեցնում են ԲՀԿ-ի պատգամավորների անունները: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ավելի վաղ ունեցած ելույթին, ով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին մեղադրել էր ստախոսության մեջ, թե ինքն է տրանսգերնդեր կնոջը բերել ԱԺ լսումներին:
«Տիկին Զոհրաբյանը իրեն պահել էր շատ կոռեկտ եւ բացառապես ԱԺ կանոնակարգ օրենքի տառին համապատասխան եւ որպես Մարդու իրավունքների ու հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ելույթ չի ընդհատել։ Հիմա ձեր համար դուրեկան կլինի՞, որ ես հելնեմ ասեմ՝ ինչո՞ւ է աղմկում գետը կամ ի՞նչ են հուշում աստղերը։ Օրակարգը լրիվ ուրիշ բանի մասին է, եկել եք էստեղ լրիվ ուրիշ թեմա եք զարգացնում», - հայտարարեց Պետրոսյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ ինքը եւ իրենց կուսակցությունը «եղել եւ մնում է ավանդական, ընտանեկան արժեհամակարգը պաշտպանող ուժ»։
«Նախընտրական խոստումների ժամանակ ազնիվ չեք եղել: Ժողովրդին ասեիք, որ գալիս եք այստեղ՝ տրանսգենդերներին ԱԺ ամբիոնը տրամադրելու համար։ Բա խի՞ չէիք մինչեւ էդ ասում։ Հասել, դարձել եք քաղաքական մեծամասնություն ու հետին թվով դարձել եք՝ մարդու իրավունքների պաշտպանության ջատագո՞վ», - հայտարարեց նա՝ կոչ անելով նիստը նախագահող ԱԺ փոխնախագահներին պահպանել օրակարգը եւ դրա հետ առնչություն չունեցող ելույթներն ընդհատել:
«Եթե դա ձեր կողմից կազմակերպված չէր, ինչո՞վ էր պայմանավորված ձեր ծափողջյունները»,-հավելեց ԲՀԿ-ական պատգամավորը: Նրա ելույթից հետո ԱԺ դահլիճում հնչեցին ծափահարություններ:
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ստել է, երբ հայտարարել է, որ ապրիլի 5-ին ԱԺ-ում Մարդու իրավունքներին վերաբերող լսումների ժամանակ ելույթ ունեցած տրանսգենդերին ինքն է ԱԺ բերել:
«Ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար: Տիկին Նաիրա Զոհրաբյանը ստում է, թե մեր հանձաժողովը հստակ թեմաներ է սահմանել լսումների օրակարգի համար: Մարտի 11-ին հանձնաժողովի նիստին հաստատվել է մի օրակարգ, որտեղ թեմաներ, իհարկե, չկան: Առանց թեմաների լսումների օրակարգը տեղադրվել է ԱԺ կայքում: Լսումներից օրեր առաջ օրակարգն ԱԺ կայքից անհետացավ: Լսումներից օրեր առաջ հանձնաժողովների անդամներին ուղարկվեց նոր օրակարգ, որտեղ հայտնվել էին թեմաներ՝ առանց հանձնաժողովի անդամների հաստատման: Կայքը չթարմացվեց նոր թեմատիկ օրակարգով»,-ընդգծել էր պատգամավորը: