Թուրքիայում հետընտրական պայքարն ավելի է թեժանում
Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը բողոքարկել է Անկարայի ընտրության արդյունքները, պահանջելով վերահաշվարկ:
Անկարայի նահանգային ընտրական հանձնաժողովը մերժել է ԱԶԿ-ի այս պահանջը: ԱԶԿ փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը հայտարարել է, որ դիմելու են Թուրքիայի Բարձրագուն ընտրական հանձնաժողով` Անկարայում ստացած քվեները դարձյալ հաշվելու համար, հայտնում է yerkir.am-ը:
Նշենք, որ գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության թեկնածու Մանսուր Յավաշը հաղթել էր ԱԶԿ թեկնածու Մեհմեթ Օզհասեքիին:
Շարունակվում է նաև Ստամբուլի ընտրության արդյունքների վերահաշվարկը:
Չնայած, որ ընդդիմադիր ՀԺԿ թեկնածու, դեռևս ոչ պաշտոնական տվյալներով ընտրված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձայները գնալով նվազում են վերահաշվարկի արդյունքում, այնուհանդերձ, արդեն վերահաշվարկված 80% քվեների համաձայն, Իմամօղլուն ԱԶԿ թեկնածու Բինալի Յըլդըրըմից առաջ է մոտ 16.000 ձայնով: Սակայն ԱԶԿ փոխնախագահ Յավուզը հայտարարել է, որ դարձյալ պահանջելու են Ստամբուլի արդյունքների վերահաշվարկը. – հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը: