Ի՞նչն է եղել Վիեննայում Ալիևի հետ հանդիպման հիմնական թեման. Փաշինյանը բացահայտեց
«Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելը չի կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության երեք կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինել։ Դա մի պարտականություն է ու պատասխանատվություն, որ հավասարապես կիսում են հակամարտության բոլոր` երեք կողմերը։ Եվ դա ընդհանուր պատասխանատվություն է, համատեղ աշխատանք», – ԵԿՄ համագումարում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հենց սա է եղել հիմնական թեման Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր հանդիպման ընթացքում։ Փաշինյանի խոսքով, սակայն, կան թյուրիմացություններ, որոնց նա անդրադաձավ իր ելույթում։
Նրա խոսքով՝ ասվում է, թե Հայաստանը պահանջում է Արցախյան հակամարտության բանակցությունների ֆորմատի փոփոխություն, ու Ադրբեջանը հաղթանակ է համարում այն, որ այդպիսի փոփոխություն չի եղել։ Փաշինյանն արձանագրեց, որ Հայաստանի կառավարությունն այդ ֆորմատի փոփոխության հարց երբեք չի դրել․ դրել է ֆորմատի վերականգնման հարց։
«Այն, որ Ղարաբաղի հարցի բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում, մենք երբեք, ոչ մի վայրկյան կասկածի տակ չենք դրել։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն իր ձևավորման առաջին իսկ րոպեներից ենթադրել և ներառել է Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին», – ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դա ապահովվել է բանակցային ողջ գործընթացի ժամանակ, նույնիսկ՝ 1998 թվականից հետո, քանի որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը եղել են Արցախի ընտրված ներկայացուցիչներ։ Հետևաբար՝ Արցախի ընտրված ներկայացուցիչները հիմա էլ պետք է մասնակցություն ունենան։