Ես կանխիկացրել եմ 10 մլն դոլար այդ գումարն իմ աչքով տեսնելու համար. պատմում է Աֆրիկայի ամենահարուստ մարդը
Նիգերիայից միլիարդատեր Ալիկո Դանգոտեն, որն Աֆրիկայի ամենահարուստ մարդն է, պատմել է՝ ինչպես է նա իր հաշվից կանխիկացրել 10 մլն դոլար պարզապես իր աչքով տեսնելու եւ հասկանալու համար, որ դրանք իրական փողեր են, այլ ոչ զուտ թվեր թղթի վրա, հաղորդում է AFP-ը:
«Երբ դուք երիտասարդ եք, ձեր առաջին միլիոնը շատ կարեւոր է, սակայն, այնուհետեւ, այդ թվերն ունեն պակաս նշանակություն»,-ասել է Դանգոտեն:
«Մի անգամ ես կանխիկացրել էի 10 մլն դոլար, դրել ավտոմեքենայիս բեռնախցում եւ բերել տուն: Ես նայում էի դրանց եւ մտածում. «Այժմ ես հավատում եմ, որ փող ունեմ», եւ հաջորդ օրը հետ տարել բանկ»:
Ո՞վ է Աֆրիկայի ամենահարուստ մարդը
Ցեմենտի մագնատ Ալիկո Դանգոտեն Աֆրիկայի ամենահարուստ գործարարն է. բացի ցեմենտից, նրա բիզնեսը ընդգրկում է նաեւ այլ ճյուղեր՝ ալյուր, շաքարավազ, աղ, այժմ դրանց միացել են նավթն ու նավթաքիմիան: 16.1 մլրդ դոլար ունեցող միլիարդատերը պատրաստվում է զբաղեցնել իր տեղը Նիգերիայի ամենաշահութաբեր ոլորտներից մեկու, եւ զբաղվել նավթամշակող գործարանի կառուցմամբ, որը կդառնա մայրցամաքում խոշորագույն գործարաններից մեկը:
«Dangote Group» ընկերությունը, որի սեփականատերն է Դանգոտեն, Նիգերիայում եւ ամբողջ Արեւմտյան Աֆրիկայում խոշորագույն կոնգլոմերատն է: Այդ ընկերությանն է պատկանում երկրում ընդհանուր սպառման ապրանքների շուկայի մեծ մասը: