Արմեն Սարգսյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ. անդրադարձ է եղել Փաշինյան-Ալիև հանդիպմանը
Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումին մասնակցելու նպատակով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 6-ին, հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Կարեւորելով ՄԱԿ-ի հետ մեր երկրի համագործակցությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է կազմակերպության եւ դրա կառույցների աշխատանքներում։ «Ունենք բավականին ընդգրկուն եւ արդյունավետ համագործակցություն, նաեւ մեծ ցանկություն այն ավելի ինտենսիվ դարձնելու հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի շրջանակներում»,-նշել է նախագահը։
Արմեն Սարգսյանն ընդգծել է նաեւ Անտոնիո Գուտերեշի մեծ ներդրումը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի գործունեության մեջ, որի հոգաբարձուների խորհրդի անդամ է եղել երկար տարիներ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՄԱԿ-ում եւ դրա կառույցների շրջանակներում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միակ միջազգային մանդատ ունեցող ձեւաչափ։
Հանրապետության նախագահը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել են Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի վերջերս կայացած հանդիպումը եւ ընդգծել, որ ԼՂ հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի։