Մոսկվայում տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը
Ապրիլի 5-ին Մոսկվայում տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի (ԱՊՀ ԱԳՆԽ) հերթական նիստը, որում Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱՊՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր, մասնավորապես՝ անվտանգությանն ու կայունությանն ուղղված աճող սպառնալիքների և մարտահրավերների դեմ պայքարի ոլորտում համագործակցության ամրապնդման բնագավառում:
Նիստի մասնակիցներն ամփոփեցին ԱՊՀ շրջանակում բազմամակարդակ միջգերատեսչական խորհրդատվությունների 2018թ. ծրագրի իրականացումը և հաստատեցին 2019թ. ծրագիրը:
Հավանության արժանացավ Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների Հայտարարության նախագիծը, որում հաստատվում է ԱՊՀ երկրների` միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին հավատարմությունը, ընդգծվում է Երկրորդ աշխարհամարտի վերջում՝ 1945թ. ստեղծված Միավորված ազգերի կազմակերպության համընդհանուր և միջկառավարական բնույթը, դրա հատուկ պատասխանատվությունը խաղաղության պահպանման և նոր գլոբալ հակամարտությունների կանխարգելման գործում: Հաստատվեցին ԱՊՀ մասնակից պետությունների՝ Հիմնարար հետազոտությունների բնագավառում միջպետական հարաբերությունների համակարգման մասին համաձայնագրի նախագիծը և մի շարք այլ փաստաթղթեր:
Նախարարների խորհուրդը քննարկեց նաև տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ իրականացված հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում կադրերի պատրաստման բնագավառում բազային կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ փաստաթուղթը:
Նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, Աշգաբադում: