ԱԳՆ-ում կայացել է կառավարություն-քաղհասարակություն առաջին քննարկումը ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրույթների շուրջ
Այսօր՝ ապրիլի 5-ին, ԱԳՆ-ում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մաս 6-ի («Առևտուր և առևտրին առնչվող հարցեր») կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիականհասարակություն առաջին քննարկումը։
Կառավարության կողմից քննարկմանը ներկա էին արտաքին գործերի նախարարի
տեղակալ Ավետ Ադոնցը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էդգար Ճաղարյանը և կառավարության այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Նիստին
ներկա էին քաղհասարակության շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ։
Քննարկումը ծավալվել է առավել զգայուն գլուխների շուրջ, մասնավորապես՝
մտավոր սեփականություն, պետական գնումներ, մրցակցություն, թափանցիկություն,
վեճերի կարգավորում, որոնցում ամրագրված դրույթների կիրարկման ուղղությամբ
իրականացված քայլերը ներկայացվեցին կառավարության՝ համապատասխան ոլորտները համակարգող անդամների կողմից։
Քաղհասարակության շրջանում հատկապես մեծ հետաքրքրություն նկատվել է
մտավոր սեփականության գլխի՝ «Կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման
սահուն և արդյունավետ դադարեցման խթանման, դրա վերաբրենդավորման, ինչպես
նաև արտահանման շուկաներում արտադրանքի մրցունակ դիրքը պահպանելուն
աջակցելու նպատակով ԵՄ կողմից տրամադրվելիք տեխնիկական և ֆինանսական
աջակցության ստացման, պետական գնումների և վեճերի կարգավորման գլուխների
առանձին դրույթների կյանքի կոչման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից
ծրագրվող քայլերի շուրջ, որոնք հանգամանորեն ներկայացրել են և
քաղհասարակության հարցադրումներին պատասխանել են ՀՀ շահագրգիռ
գերատեսչությունների ղեկավարների տեղակալները։
Նիստի ավարտին վերահաստատվել է երկու կողմերի՝ սույն ձևաչափով քննարկումները հետագայում ևս շարունակելու պատրաստակամությունը։