Բրիտանական հեղինակավոր Diplomat ամսագիրը դեսպան Արման Կիրակոսյանի մասին հոդված է հրապարակել
Բրիտանական հեղինակավոր Diplomat ամսագիրը հոդված է հրապարակել Արման
Կիրակոսյանի մասին՝ որպես ՄԹ-ում ՀՀ նորանշանակ դեսպանի: Այս մասին
տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային
դիվանագիտության վարչությունից։
Հոդվածում ներկայացվում է Արման Կիրակոսյանի՝ որպես նորանկախ Հայաստանի
արտաքին քաղաքականության և դիվանագիտական ծառայության հիմնադիրներից մեկի,
Հունաստանում, ԱՄՆ-ում, Ավստրիայում և Վիեննայում տեղակայված միջազգային
կառույցներում ՀՀ դեսպանի, ինչպես նաև ՀՀ ԱԳ փոխնախարարի պաշտոնում անցած
դիվանագիտական ճանապարհը, իր գիտական աշխատանքը, Հայկական հարցին և
հայ-բրիտանական հարաբերություններին վերաբերող նրա գրքերն ու
աշխատությունները: Ներկայացվում է նաև ՀՀ հարաբերությունները հարևան
երկրների հետ, տարածաշրջանային խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ ՀՀ
մոտեցումները:
Հոդվածում արծարծվում են ՀՀ-ՄԹ երկկողմ հարաբերությունների ներկայիս
բարձր մակարդակը և դրանց զարգացման և ընդլայնման ուղղությամբ դեսպանի
ընդհանուր տեսլականը:
Հոդվածում նշվում է, որ Բրիտանական կառավարությունը շարունակում է ակտիվ
ծրագրեր իրականացնել Հայաստանում, և այժմ երկու երկրները փորձում են
ուղիներ գտնել փոխգործակցությունն առավել խորացնելու ու զարգացնելու համար:
«Մենք պետք է հնարավորինն անենք, որպեսզի Հայաստանն ավելի տեսանելի
դարձնենք Մեծ Բրիտանիայի և բրիտանական հասարակության համար: Պետք է
ներկայացնենք մեր պատմությունը՝ հատկապես հաշվի առնելով անցած տարի
Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն ու նոր կառավարության կողմից
տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ
պայքարը», – մեջբերվում են դեսպան Արման Կիրակոսյանի խոսքերը: