Բանակցությունից հետո Իլհամ Ալիևն ամեն ինչ ներկայացրել է իր ուզածով. Թևան Պողոսյան
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին չհավատալու հիմքեր չկան, խոսել է այն, ինչի մասին նախապես հայտարարել էր:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահին, ապա, Պողոսյանի խոսքով, նա Լեռնային Ղարաբաղի հարցում չի փոխել դիրքորոշումը, հետևաբար պատերազմն ավարտված չէ:
«Ինչպիսի՞ն է միշտ եղել Ադրբեջանի վարքագիծը և ի՞նչ խնդիր է նա փորձում լոուծել: Իմ պատկերացմամբ՝ Ադրբեջանի նախագահը խնդիր է դրել ջարդել հայկական միասնականությունը: Դրա համար կարևոր չէ՝ նա այնտեղ համաձայնե՞լ է, թե՞ ոչ: Դուրս գալուց հետո նա շատ լավ գիտեր, որ հատուկ մեսիջներով սկսելու է աշխատել, ասելու է, որ որևէ բան չի փոխվել, և որ հայկական հասարակությունում, ինչպես պարոն Փաշինյանն ասաց իր ասուլիսի ընթացքում, որևէ մի երրորդ երկրում որևէ երրորդ մակարդակի չինովնիկ մի բան է ասում, Հայաստանում ալեկոծում է»,- ասաց Պողոսյանը:
Նա նշեց, որ բանակցությունից հետո Իլհամ Ալիևն ամեն ինչ ներկայացրել է իր ուզածով:
«Նա հիմա իր այլընտրանքն է հզորացնում՝ թուլացնելու միասնականությունը, զարկ տալու զենք-զինամթերք գնելու, ամեն օր զորավարժություն անելու»,- ասաց նա: