Պենտագոնը չի քննարկում Ս-400-ի կապակցությամբ Թուրքիայի հետ աշխատանքային խումբ ստեղծելու հարցը
Պենտագոնը չի քննարկում Անկարայի կողմից ռուսական Ս-400 համակարգի գնման կապակցությամբ Թուրքիայի հետ աշխատանքային խումբ ստեղծելու հարցը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկ Պահոնը, փոխանցում է Reuters-ը:
«Այս փուլում տեխնիկական աշխատանքային խմբի կարիք չկա»,- նշել է նա:
Նշենք, որ ապրիլի 3-ին Վաշինգտոնում ելույթ ունենալիս Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան Միացյալ Նահանգներին առաջարկել է ստեղծել տեխնիկական աշխատանքային խումբ՝ պարզելու համար, որ Ս-400-ը ԱՄՆ կամ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկային սպառնալիք չի ներկայացնում: «Ս-400-ը չի ինտեգրվի ՆԱՏՕ-ի համակարգի մեջ, ուստի մենք Միացյալ Նահանգներին առաջարկում ենք ստեղծել տեխնիկական աշխատանքային խումբ՝ համոզվելու համար, որ այս համակարգը սպառնալիք չի ներկայացնի ո՛չ ամերիկյան F-35 կործանիչներին, ո՛չ ՆԱՏՕ-ի համակարգերին»,- նշել է նա՝ հավելելով, որ Ս-400-ի գործարքը կայացել է, եւ Անկարան դրանից չի նահանջի:
Նույն օրն ավելի ուշ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Թուրքիային ընտրություն կատարելու կոչ էր արել:
«Թուրքիան պետք է ընտրություն կատարի: Ցանկանո՞ւմ է մնալ պատմության մեջ ամենահաջողված ռազմական դաշինքի կարեւոր գործընկեր, թե՞ ցանկանում է վտանգել այդ գործընկերության անվտանգությունը՝ ընդունելով այնպիսի չկշռադատված որոշումներ, որոնք սասանում են մեր դաշինքը»,- Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի միջոցառման ժամանակ հայտարարել էր Փենսը:
Նախօրեին Չավուշօղլուն հայտարարել էր, որ անհնար է չեղարկել Ս-400-ի գործարքը: