Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի ժյուրին կղեկավարի Վահագն Պապյանը
Հունիսի 6-14-ը Երևանում անցկացվելիք Խաչատրյանի 15-րդ միջազգային
մրցույթի ժյուրին ղեկավարելու է մեծանուն դաշնակահար և դիրիժոր Վահագն
Պապյանը։ Այս մասին տեղեկացնում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը:
Խաչատրյանի միջազգային մրցույթն այս տարի անցկացվելու է դաշնամուր
մասնագիտությամբ։ Մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ
ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային
ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է,
հայկական միակ երաժշտական մրցույթը, որ արժանացել է նման պատվի և
անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։
Խաչատրյանի մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդ
երաժիշտների՝ նրանց ընձեռելով մասնագիտական առաջընթացի
հնարավորություններ, իսկ գլխավոր առաքելությունն է մասնակից երաժիշտների
միջոցով ամբողջ աշխարհում տարածել Արամ Խաչատրյանի արվեստը։ Այդ
նպատակով մրցույթի պարտադիր կատարման ծրագրում ներառված են Խաչատրյանի
ստեղծագործությունները։
Անցած 15 տարիների ընթացքում խաչատրյանական մրցույթի կարևորագույն
ձեռքբերումներից է այն, որ դափնեկիրները հանդես են գալիս տարբեր
բեմահարթակներում, բարձրացնում են Արամ Խաչատրյանի անունը, նաև դառնում այլ
հեղինակավոր մրցույթների հաղթողներ։ Մրցույթը բազմաթիվ հայտնի անուններ է տվել
երաժշտական աշխարհին: Նրանց թվում են Ֆյոդր Ռուդինը, Միրան Վոպոտիչը, Անդրեյ
Իոնիցան, Յարոսլավ Նադրզիցկին, Նարեկ Հախնազարյանը և այլք:
Հավելենք, որ Խաչատրյանի մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի
նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ
ջանքերի շնորհիվ, գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության
միջպետական հիմնադրամը (МФГС)։