Ռուսական «Պրոգրես» բեռնատար տիեզերանավը միջազգային տիեզերակայան է հասել ռեկորդային ժամանակահատվածում
Այսօր Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանից մեկնարկել է «Սոյուզ-2.1» կրող հրթիռը, որը միջազգային տիեզերակայան է ուղարկել ռուսական «Պրոգրես ՄՍ-11» բեռնատար տիեզերանավը: Այն նշանակետին է հասել ռեկորդային ժամանակահատվածում՝ 3 ժամ 22 րոպեում: Սա 17 րոպեով ավելի արագ է, քան «Պրոգրես» տիեզերանավի՝ հուլիսին սահմանած նախորդ ռեկորդը:
Բեռնատար տիեզերանավը ավելի քան 2տ սնունդ, ջուր, դեղորայք, վառելիք և թթվածին է հասցրել ՄՏԿ-ում գտնվող 6 տիեզերագնացներին, որոնց թվում կա 3 ամերիկացի, 2 ռուս և 1 կանադացի:
Տիեզերք հասնելու նոր տեխնոլոգիան հնարավորություն կընձեռի իրականացնել ոչ միայն պրոֆեսիոնալ, այլև զբոսաշրջային թռիչքներ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հաղորդել է, որ արդեն 2020թ.-ին հնարավոր կլինի տիեզերագնացներին և զբոսաշրջիկներին միջազգային տիեզերակայան հասցնել ավելի արագ, քան պահանջվում է Մոսկվա-Բրյուսել թռիչքի համար: