Արտակ Զեյնալյանը և ԱՄՆ դեսպանը պատրաստակամություն են հայտնել հետագա համագործակցության զարգացման հարցում
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 4-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Արտակ Զեյնալյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում և շնորհավորել նրան պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք դիվանագիտական առաքելության ընթացքում: Նախարարը բարձր է գնահատել դեսպանության ու ՀՀ արդարադատության նախարարության սերտ համագործակցության ներկայիս մակարդակը՝ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում և վստահություն հայտնել, որ փոխգործակցությունը տարբեր ուղղություններով զարգացնելու մեծ ներուժ կա:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ ուրախ է գտնվել Հայաստանում, հատկապես այս ժամանակահատվածում, երբ կան հնարավորություններ՝ խորացնելու գործընկերությունը: Դեսպան Թրեյսին հավաստիացրել է, որ Նախարարության և դեսպանության միջև առկա գործակցությունը կշարունակվի և կօգտագործվեն այն զարգացնելու բոլոր հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, արդար դատաքննության իրավունքի երաշխավորմանը, դատաիրավական բարեփոխումներին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող ծրագրերին, սնանկության ոլորտի բարեփոխումներին, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ներդրմանը, քրեական արդարադատության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին, ինչպես նաև դատապարտյալների պահման պայմանների բարելավմանը և Պրոբացիայի ծառայության կարողությունների հզորացմանը:
Հանդիպման ավարտին նախարար Զեյնալյանն ու դեսպան Թրեյսին վերահաստատել են համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: