Կոնգրեսականները պահանջում են ներկայացնել Թրամփի հարկային հայտարարագիրը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բյուջետային կոմիտեի նախագահ Ռիչարդ Նիլը Հարկային ծառայություն (IRS) պաշտոնական հարցում է ուղարկել՝ խնդրելով տեղեկություն ներկայացնել վերջին 6 տարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական եւ կորպորատիվ հարկային հայտարարագրերի մասին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
«Մենք ավարտել ենք նման ծավալուն հարցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքը, եւ ես հուսով եմ, որ գործում ենք մեր օրինական իրավական, իրավաբանական եւ հսկիչ իրավունքի շրջանակում»,- նշված է Նիլի հայտարարության մեջ:
Նիլը վերջին շրջանում, որը միակ օրենսդիրն է, որն իրավունք ունի տեղեկություններ պահանջելու նախագահի հարկերի մասին, մի շարք դեմոկրատների եւ Կոնգրեսի ազդեցությունից դուրս գտնվող քաղաքական խմբերի ճնշման տակ է:
Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները, որի կազմի մեջ է մտնում IRS-ը, հարցումը դեռեւս չեն մեկնաբանել:
2016 թվականի ընտրություններից առաջ Թրամփը խախտել էր տասնամյակներ գոյություն ունեցող ավանդույթը՝ հրաժարվելով հրապարակել իր հարկային հայտարարագրերը: Նա այս տվյալները շարունակում է գաղտնի պահել նաեւ նախագահ լինելով՝ վկայակոչելով այն, որ իր հայտարարագիրը ստուգում են IRS-ում:
Դեմոկրատները հույս ունեն, որ Թրամփի հարկային վճարումների մասին տեղեկություններն իրենց թույլ կտան հայտնաբերել նախագահի բիզնեսի հետ կապված շահերի բախումը:
Հանրապետականները դեմ են պետության ղեկավարի հարկային հայտարարագրերի հրապարակմանը: Նախագահի կողմնակիցների կարծիքով՝ այդ որոշումը կարող է ստեղծել վտանգավոր նախադեպ, որի շնորհիվ ամերիկացի քաղաքացիների հարկերի մասին գաղտնի տեղեկությունները կդառնան քաղաքական զենք: