Մեծ Բրիտանիայում հավանություն են տվել Brexit-ը կրկին հետաձգելու մասին օրենքին
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները երրորդ ընթերցմամբ ընդունել են օրենք, որի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պարտավոր է կրկին դիմել ԵՄ-ին՝ Brexit-ի հետաձգման խնդրանքով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Փաստաթղթի օգտին է քվեարկել 313 պատգամավոր, դեմ՝ 312-ը։ Օրինագծի համահեղինակներ են հանդես եկել լեյբորիստ Իվետ Կուպերը և պահպանողական Օլիվեր Լետվինը։
Ուժի մեջ մտնելու համար օրինագծին պետք է հավանություն տա Լորդերի պալատը, որից հետո այն պետք է հաստատվի Եղիսաբեթ II թագուհու կողմից։
Նշվում է, որ հետաձգումը պետք է լինի կարճ ժամկետով, որպեսզի Մեծ Բրիտանիան չմասնակցի մայիսի 23-26-ը կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին։