Ռուհանին ԱՄՆ-ին մեղադրել է աննախադեպ հանցագործության մեջ
Իրանի նախագահ Հասան Ռուհանին քննադատել է ԱՄՆ-ին միջազգային ֆինանսական խողովակները արգելափակելու համար, որոնց միջոցով փորձում են օգնություն ցուցաբերել ջրհեղեղներից տուժած մարդկանց՝ դա անվանելով «աննախադեպ հանցագործություն»՝հայտնում է Mehr-ը։
Խոսելով Իրանում վերջին երկու շաբաթում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների
մասին՝ Ռուհանին նշել է, որ օտարերկրյա քաղաքացիները եւ արտասահմանում
ապրող Իրանի քաղաքացիները չեն կարողանում իրանական «Կարմիր մահիկի» միջոցով
միջոցներ փոխանցել, քանի որ ԱՄՆ անօրինական պատժամիջոցները խանգարում են
կազմակերպություններին ստանալ գումարները։
Նրա խոսքերով, ԱՄՆ-ը եւ նրանք, ովքեր փորձում են իրենց նպատակներին
հասնելու համար օգտվել դաժան իրավիճակից, աննախադեպ հանցանք են գործել։
Ռուհանին ընդգծել է, թե իրանցի ժողովուրդն ապացուցել է, որ ինքը երբեք չի
նահանջի եւ տեղի չի տա թշնամիների չար դավադրություններին։
Հիշեցնենք, որ տեղատարափ անձրեւները ջրհեղեղներ են առաջացրել Իրանի
տարբեր շրջաններում, զոհվել է ավելի քան 50 մարդ, տասնյակ մարդիկ տուժել են
եւ զրկվել տներից։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հաշեմին
հայտարարել էր, թե ԱՄՆ-ը արգելքներ է դրել իրանական «Կարմիր մահիկի»
հաշիվների վրա, ինչը խանգարում է օգնություն ցուցաբերել ջրհեղեղներից
տուժածներին։