ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի հետ միասին կհեռանա Աֆղանստանից․ Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ն չպետք է մնա Աֆղանստանում ավելի, քան պետք է, եւ կհեռանա այդ երկրից ԱՄՆ զորքերի հետ միասին։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս
Սթոլթենբերգը՝ ելույթ ունենալով Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի
համատեղ նիստում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք պատրաստվում այնտեղ մշտապես մնալ, մենք մտադիր չենք այնտեղ
մնալ ավելի, քան անհրաժեշտ է։ Մենք այնտեղ մտել ենք միասին, միասին էլ
կորոշենք մեր ներկայության հարցը։ Երբ ժամանակը գա, մենք միասին
կհեռանանք»,- հայտարարել է նա։
«ՆԱՏՕ-ն լիովին սատարում է աֆղանական խաղաղ գործընթացը։ Խաղաղությունը
կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե երկիրը ազատ լինի
ահաբեկիչներից»,- ընդգծել է Սթոլթենբերգը։
Աֆղանստանում ռազմական գործողություններն ընթանում են արդեն ավելի քան
17 տարի, 2001թ․ դեկտեմբերից։ 2010-2013թթ․, երբ դրանք կիզակետում էին,
արեւմտյան ուժերի թիվն այդ երկրում կազմում էր 150 000 մարդ։ Այժմ այնտեղ
տեսուչների եւ խորհրդականների 14 000-անոց առաքելություն է մնում։