Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բուլդակովը
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բուլդակովը՝ «Ազգային որսի առանձնահատկությունները» ֆիլմի գլխավոր դերակատարը, այսօր 68 տարեկան հասակում հեռացել է կյանքից: Այս մասին ТАСС-ին հաղորդել է Կինոդերասանների գիլդիայի մամուլի կենտրոնը:
«Ալեքսեյ Իվանովիչ Բուլդակովը մահացել է, մանրամասն տեղեկություններ մենք չունենք, միայն գիտենք, որ նա շրջագայության էր, նրա թրոմբն է պոկվել»,- ասել է ТАСС-ի զրուցակիցը:
Բուլդակովը մահացել է Մոնղոլիայում, ուր մեկնել էր ընկերների ծննդյան տոները նշելու, տեղեկացրել է դերասանի ընկերուհին՝ Տատյանա Ռուդնևան:
«Ալեքսեյ Բուլդակովը մահացել է Ուլան-Բատորում: Դա տեղի է ունեցել այսօր՝ գիշերը ժամը 02.00-ին: Նա մահացել է քնած ժամանակ, տեղեկության համաձայն` թրոմբն է պոկվել»,- պատմել է կինը:
Ալեքսեյ Իվանովիչ Բուլդակովը ծնվել է 1951թ. մարտի 26-ին Մակարովկա գյուղում: 1969-ին ավարտել է Չեխովի անվան Պավլոդարի դրամատիկական թատրոնին կից Երիտասարդական թատերական ստուդիան: Մինչև 1981թ. աշխատել է Պավլոդարի, Տոմսկի, Կարագանդայի և Ռյազանի թատրոններում: 1985-1992թթ. եղել է Մինսկի թատերական ստուդիայի «Բելառուսֆիլմ» կինոստուդիայի դերասան:
1993թ. տեղափոխվել է Մոսկվա: Որոշ ժամանակ աշխատել է Մ. Գորկու անվան Մոսկվայի նկարչական ակադեմիայում: Կինոյում առաջին դեբյուտը եղել է 1982-ին: Դերասանը հանդիսատեսի հիշողության մեջ մնացել է «Ազգային որսի առանձնահատկությունները», «Ազգային ձկնորսության առանձնահատկությունները», «Ես ռուս զինվոր եմ», «Օպերացիա», «Շնորհավոր Նոր տարի» և այլ ֆիլմերից: