Ամբողջ մարմինը պետք է ծածկված լինի բնական հումքից. Նստացույցի մասնակից Սուրեն Սահակյանը իր ընկերների համար խորհուրդներ է հարցրել բժշկից
Նստացույցի մասնակից Սուրեն Սահակյանը երեք-չորս օր շարունակ պետք է կաթիլային ներարկում ստանա: Նշենք, որ երեկ Սուրենը բարձր ջերմությամբ տեղափոխվել է Գր. Լուսավորչի անվան բժշկական կենտրոն: Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին արևահարություն: Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում Սուրենն ասաց, որ ինքն այժմ տանն է, հարազատների և բուժքրոջ հոգածության ներքո, սակայն վիճակը մնում է նույնը. «Քիչ առաջ 39.4 ստիճան ջերմություն ունեի, անալգին-դիմետրոլ եմ սրսկվել, մի քիչ իջել է ջերմությունս: Դեղերի միջոցով ջերմությունս իջնում է, սակայն քիչ հետո կրկին բարձրանում է»: Հարցին, թե արդյո՞ք ինչ-որ բան ձեռնարկելու է ապաքինվելուն պես, Սուրենը հավաստիացրեց. «Որ պահին, որ լավանամ, գնալու եմ քաղաքապետարանի շենքի մոտ»: Սուրենը մտահոգվում է նաև իր ընկերների առողջությամբ, բժիշկներից խորհուրդներ է հարցրել և դրանք փոխանցել նստացույցի մասնակից իր ընկերներին. «Բժիշկն ասաց, որ ամբողջ մարմինը պետք է ծածկված լինի բնական հումքից, լայն փեղկերով գլխարկ պետք է կրել, պատրաստված հագուստով, շատ քանակությամբ հեղուկ պետք է ընդունել, քանի որ արևի տակ երկար կանգնելու դեպքում մարմինը ջրազրկվում է»,-ասաց Սուրենը:
Հարցին, թե հարազատները, ընկերները դեմ չեն, որ ապաքինվելուն պես նա շարունակի նստացույցը, Սուրենը պատասխանեց. «Ես մեծ տղա եմ, ինքս եմ որոշում: Դե սկզբում բժիշներն արգելեցին, բայց քանի որ սկսել եմ այս պայքարը, մինչև վերջ շարունակելու եմ»,- ասաց նա:
Operativ.am-ի անձնակազմը նրան մաղթում է առողջություն:
Զրուցեց Նազենի Բաղդասարյանը