Լեռնային Ղարաբաղը չունի սեփականության զգացում այս գործընթացի հանդեպ, բանակցային գործընթացը չի կարող լինել արդյունավետ. Զ. Մնացականյան
Հայաստանի արտաքին գործերչի նախարար Զոհրաբ Մնացականյանը մինչև Եթովպիա մեկնելը հեռակա պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վիեննայի հանդիպումից հետո արած այն հայտարարություններին, ըստ որոնց՝ բանակցային ձևաչափում փոփոխություն չի լինելու։ «Ազատություն» ռադիոկայանի ու «Սիվիլնեթ» կայքի հետ հարցազրույցում Մնացականյանը բացատրել է պաշտոնական Երևանի պատկերացումներն այդ հարցի վերաբերյալ։
«Կարելի է պարզունակ մոտենալ այս հարցին և պատկերացնել՝ այ հիմա ինչպե՞ս է լինելու, սեղանի շուրջ ո՞վ է նստելու, ինչպե՞ս է ձևավորվելու սա։ Հասկանում եք, որ այսքան տարի շարունակ եղել է ձևավորված մի ձևաչափ, աշխատանքային մոդել, որն արտահայտել է այդ ժամանակաշրջանի իրողությունները։ Մեզ համար դա խստորեն պրակտիկ հարց է», – ասել է նախարարը։
Նա բացատրել է, որ Արցախն առանձին քաղաքական միավոր է՝ իր 150 հազար բնակչությամբ ու այդ բնակչության ընտրած իշխանություններով, և հենց Արցախն է, որ անմիջական սուբյեկտն է։
«Մեզ համար հարցը պրակտիկ է, որովհետև եթե Լեռնային Ղարաբաղը չունի սեփականության զգացում այս գործընթացի հանդեպ, բանակցային գործընթացը չի կարող լինել արդյունավետ: Սա է հիմքում դրված մեր մոտեցումը։ Սեփականության զգացումը Լեռնային Ղարաբաղից վերցնելը նշանակում է բանակցային գործընթացի արդյունավետությունը ջարդել», – ասել է Մնացականյանը։
Նախարարը բացատրել է նաև հայկական կողմի գործողություններն այն դեպքում, երբ բանակցությունների մյուս կողմը չհամաձայնի այդ բանակցություններին Արցախի մասնակցությանը։
«Բնական է, կարելի շատ պարզունակ տեսնել, և գիտենք, որ տարբեր ձևերով արտահայտվում է ինչ-որ մեկնաբանություններ, որ ահա իրանք չեկան, ահա հիմա ինչ են անելու։ Ի՞նչ ենք անելու՝ շարունակելու ենք, չենք ասելու՝ դե ուրեմն տենց է, մենք չենք մասնակցելու, մանկամտության ձևով չենք մոտենալու», – ասել է Մնացականյանը։