«Հոգեկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանի նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է
«Հոգեկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ իր նկատմամբ հարուցված քրգործը՝ իրենց կենտրոնում անձին ապօրինի պահելու հիմքով, կարճվել է:
«ՀՀ Քննչական կոմիտեից ինձ տեղեկացրին, որ այս տարվա հունվարի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարածված հայտարարությամբ, որ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ֊ում (նախկինում Նուբարաշենի հոգեբուժարան) անձին ապօրինի պահելու հիմքով քրեական գործ էր հարուցվել, սույն թվականի մարտի 29-ին կարճվել է, հանցակազմի բացակայության հիմքով:
Ի դեպ, սա այն կարևորագույն խնդիրն էր, որի հետ ունենալով սկզբունքային տարաձայնություն և սատարելով «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ բժշկական անձնակազմի մասնագիտական դիրքորոշմանը՝ ես հրաժարական տվեցի այդ կենտրոնի տնօրենի պաշտոնից։
Ցավոք, չանցելով նույնիսկ այս գործով, զանգվածային լրատվության միջոցների շատ գործընկերներ նյութը հրապարակեցին ինձ հետ կապված, իմ նկարով և ինձ մեղադրելով ու ենթատեքստում նաև հերթական անգամ ակնարկելով իմ և առողջապահության նախարարի ենթադրյալ մտերմությունը: Տեղեկացնեմ նաև, որ ՀՀ քննչական կոմիտեից նույնիսկ չեմ հրավիրվել որևէ քննարկման կամ հարցաքննման մասնակցելու։
Շատ ավելի դատապարտելի էր, երբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամլո խոսնակն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել սույն խնդրի հետ կապված և հրապարակային մեղադրել ինձ։ Չխորանալով որևէ մեկին պատասխանատվության կանչելու կամ զրպարտանքի համար բացատրություններ ստանալու իմ իրավունքից, ուզում եմ կոչ անել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին այսուհետ լինել ավելի զուսպ և պաշտոնատար անձանց հրապարակայնորեն չմեղադրել այնպիսի արարքներում, որոնք բարոյականության և մասնագիտական էթիկայից դուրս են ու չապացուցված, հատկապես եթե նրանք բժիշկ են։
Հպարտ եմ, որ ունեցել եմ հնարավորություն աշխատելու «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ բուժանձնակազմի հետ, որոնց պրոֆեսիոսալիզմը հերթական անգամ հիմնավորվեց։