ԱՄՆ-ն և Չինաստանը, ամենայն հավանականությամբ, առեւտրային համաձայնության կգան
ԱՄՆ-ը եւ Չինաստանը, ամենայն հավանականությամբ, առեւտրային համաձայնության կգան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ առեւտրային պալատի բարձրաստիճան ներկայացուցիչ Միրոն Բրիլիանտը՝ հավելելով, որ բանակցողներն այս շաբաթ առաջընթաց պետք է գրանցեն հարկադրման մեխանիզմի եւ չինական ապրանքների վրայից ԱՄՆ տուրքերը հանելու առումով՝ հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքերով, եթե երկու կողմերը այս շաբաթ չմոտենան համաձայնագրին, դրա կնքման ժամկետը կարող է փոփոխվել։ «Մենք մոտենում ենք այն պահին, երբ պարզ է դառնում, որ երկու կառավարությունները ուզում են գործարք կնքել։ Նախագահները ուզում են գործարք կնքել, եւ նրանց անհրաժեշտ է լուծել խաղի ավարտի հետ կապված խնդիրները։ Սա կրիտիկական շաբաթ է»,- ամերիկա-չինական առեւտրային բանակցությունների հերթական փուլից առաջ լրագրողներին ասել է Բրիլիանտը։ Բանակցությունները կսկսվեն ապրիլի 3-ին։