Վրաստանը և Ադրբեջանը չեն կարողանում կիսել պետական սահմանի 34 տոկոսը
Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ վեճի առարկա է դարձել պետական սահմանի 34 տոկոսը։ Ինչպես հայտնում են Վրաստանի ԱԳ նախարարությունում, պետական հանձնաժողովների մակարդակով համաձայնեցված է սահմանի 66 տոկոսի բաժանումը, եւ շարունակվում են մնացած հատվածները համաձայնեցնելու նպատակով բանակցությունները՝ հայտնում է «Գրուզիա-օնլայնը»։
Ինչ վերաբերում է անմիջականորեն վրաց-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման-սահմանագծման պետական հանձնաժողովին, ներկայում կողմերը թարմացնում են դրա կազմը։
Պետական սահմանի զատման աշխատանքները կատարվում են 1995 թվականից։
Հիշեցնենք, որ վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները ակտիվացել են Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո։ Սալոմե Զուրաբիշվիլին Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ ժամանակն է այսքան տարի անց ավարտել սահմանի հետ կապված հարցի լուծումը։